Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Վաչագան Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամի դիմաց. Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո այն կուսումնասիրեն եւ հանդես կգան հայտարարությամբ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Ղազարյանը մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ