Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության

Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Արցախի ժողովրդի մասնակցության արցախյան հարցի լուծում չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ արցախյան հարցի կարգավորման վերջնական փուլում գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի Արցախը»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, սակայն, որ մինչ այդ կարող են լինել հարցի շուրջ քննարկումներ:  «Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ և հիմա էլ դա կրկնում եմ: Բանակցային նյութ կա, պետք է ծանոթանանք դրանց, վերլուծենք և բանակցենք: Բանակցությունները ևս օգտակար են, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի հարցի կարգավորման համար: Առանց դրա հարցի կարգավորում հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը՝ հերթական անգամ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել խնդրի կարգավորման մթնոլորտի ձևավորման համար:

Կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար անընդունելի է այն ռազմաշունչ և ագրեսիվ հռետորաբանությունը, որը շարունակաբար վարում է Ադրբեջանը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային հանրությանն ասում ենք, որ պատրաստ ենք անկեղծ ջանքեր գործադրել Արցախի հարցի կարգավորման համար: Բոլորս պետք է արձանագրենք, սակայն, որ դրա համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ: Դուք չեք տեսնի Հայաստանի ու հայ ժողովրդի կողմից որևէ գործողություն, որը խաթարում է այդ մթնոլորտը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա կրկնեց ավելի վաղ ևս արտահայտած միտքն այն մասին, թե հեղափոխությունից հետո Ադրբեջանական կեցվածքի ագրեսիվության մեծացումը կապված է Ադրբեջանի իշխանությունների ունեցած մտավախության հետ, թե այդ երկրի ժողովուրդը կարող է ոգևորված լինել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններով: «Նրանք կարող են մտավախություն ունենալ, որ գործընթացը կարող է տեղափոխվել Ադրբեջան, ուստի փորձում են իրենց հանրության ուշադրությունը երկրում կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակից շեղել դեպի Արցախի հարց, թշնամական հովանոցի տակ շարունակել ավանդական քաղաքականությունը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցածը մաքուր ներքաղաքական գործընթաց էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am