Երևանում՝ 11:07,   15 Մարտ 2024

Պուտին-Թրամփ հանդիպում. «երկաթե վարագույրը» բարձրանո՞ւմ է. փորձագետի կարծիքը

Պուտին-Թրամփ հանդիպում. «երկաթե վարագույրը» բարձրանո՞ւմ է. փորձագետի 
կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը: Հելսինկին հերթական անգամ դարձավ այն վայրը, որտեղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին  հաջողվեց որոշակիորեն թուլացնել հարաբերություններում առկա լարվածությունը և վերսկսել տարբեր հարցերի շուրջ  դեռևս 2014 թվականին ընդհատված  երկխոսությունը: Հադիպման շրջանակներում կողմերը համաձայնեցին ստեղծել ձևաչափեր, որոնք հարթակ կհանդիսանան տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և քննարկումների  համար: Այդ ձևաչափերն են.

  • Աշխատանքային խումբ՝ կազմված ռուսական և ամերիկյան գործարար ոլորտի ներկայացուցիչներից, ովքեր կքննարկեն առևտրային և ներդրումային ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները:
  • Փորձագիտական խորհուրդ՝ կազմված երկու կողմերի քաղաքագետներից, հայտնի դիվանագետներից և նախկին ռազմական փորձագետներից, ովքեր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունները:
  • Անվտանգության հարցերով պատասխանատուների շարունակական քննարկումներ՝ համատեղելու ջանքերն ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարում, ինչպես նաև վերահսկելու Հելսինկիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համաձայնեցին ավելի հաճախակի դարձնել իրենց երկկողմ հանդիպումները՝ քննարկելու միջազգային կարևորության հարցեր:  Իսկ որքա՞ն արդյունավետ կլինեն այդ քննարկումները, և արդյո՞ք նրանց կհաջողվի տարբեր հարցերի շուրջ գտնել համաձայնության կետեր: Այս հարցերին պատասխանելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է անդրադառնալ քննարկման ժամանակ բարձրաձայնված առավել խնդրահարույց թեմաներին:

Մրցակցություն էներգամատակարարման ոլորտում

Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն կոչեց այս ոլորտում բացահայտ մրցակից: Հիշեցնենք, որ թեմայի շուրջ քննարկումները սրվել էին դեռևս ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում, երբ ԱՄՆ նախագահը Գերմանիային բացահայտ մեղադրեց ՌԴ-ի «գերին» լինելու մեջ: Ըստ Թրամփի՝ Գերմանիան գազի 70%-ը ներկրում է Ռուսաստանից, և ԱՄՆ-ը չի կարող մեծ գումարներ ծախսել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու համար այն պարագայում, երբ նրանք շահույթ են ստանում ՌԴ հետ համագործակցությունից: Ըստ էության, սրանով ԱՄՆ նախագահը փորձեց երկընտրանքի առջև կանգնեցնել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին՝ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության դիմաց նրանցից պահանջելով ռուսական գազի փոխարեն օգտվել ամերիկյան թերթաքարային գազից:  Միանշանակ է, որ այս խնդիրը  դեռևս շարունակելու է մնալ առավել խնդրահարույցների շարքում, քանի որ այս դեպքում երկրների քաղաքական շահերը բախվում են տնտեսական շահերին (ամերիկյան թերթաքարային գազի արժեքն ավելի բարձր է, քան  ռուսական գազինը): 

Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակների վերաբերյալ հակասություններ

Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ կարել է նշել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ  հիմնական ռազմավարական խնդիրն այսօր այնտեղ Իրանի ռազմական ներկայությունն է: ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ-ից, որ վերջինս կփորձի համաձայնություն ձեռք բերել Իրանի հետ՝ դուրս բերելու իրանական զորքերն առնվազն Իսրայելին սահմանակից տարածքներից: Հանդիպման արդյունքում արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստակամ է ԱՄՆ հետ շարունակել Իսրայելի անվտանգության շուրջ բանակցությունները: Հատկանշական է, որ, ըստ տարբեր գնահատականների, սիրիական ուղղությամբ ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածություններն ուղղակի փոխկապակցված են ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկու երկրների հնարավոր համաձայնություններից: 

ԱՄՆ ներքաղաքական հակասություններ

ՌԴ հարցում Թրամփի վարած քաղաքականությունն այսօր էլ շարունակում է քննադատության արժանանալ անգամ Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների կողմից: ԱՄՆ-ում Թրամփին շարունակում են մեղադրել «ռուսական շահերը սպասարկելու» մեջ: Թեմայի շուրջ քննարկումները հերթական անգամ սրվեցին, երբ  Պուտին-Թրամփ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջին անգամ ուղղակի մեղադրանք առաջադրեց ռուսական  հետախուզության 12 աշխատակիցների 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում դեմոկրատների գրասենյակը հաքերային հարձակման ենթարկելու մեջ: Բնականաբար, ԱՄՆ ներքաղաքական նման տրամադրությունները չեն կարող անհետևանք մնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր առաջընթացի վրա: Սակայն, կարելի է փաստել, որ ԱՄՆ նախագահի և ռուսական կողմի շահերն  այս հարցում ինչ-որ տեղ համընկնում են. ընդունել, որ ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, նշանակում է ընդունել, որ ԱՄՆ նախագահի հաղթանակը լիարժեք լեգիտիմ չէ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ

Ուշագրավ է այն փաստը, որ առավել խնդրահարույց հարցերի շարքում կողմերն առնվազն հանրային մակարդակում փորձեցին շրջանցել ԱՄՆ կողմից ՌԴ դեմ իրականացվող պատժամիջոցների խնդիրը: Սա, թերևս, պետք է բացատրել ԱՄՆ ներքաղաքական իրավիճակով, երբ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր չեղարկման կամ թուլացման հարցում դեռևս չի վայելում անգամ հանրապետական կոնգրեսականների աջակցությունը: Ուստի, չունենալով այս հարցում որևէ փոփոխություն իրականացնելու գործիքակազմ, բնական է, որ կողմերն առնվազն այս փուլում չանդրադառնալ տվյալ խնդրին, որպեսզի այն որևէ կերպ չազդի բանակցությունների ներկայիս կառուցողական մթնոլորտի և հետագա ընթացքի վրա:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ հանդիպումն արդեն իսկ կարելի է արդյունավետ համարել, քանի որ այն սկիզբ է դրել պաշտոնական մակարդակում ռուս-ամերիկյան  հրապարակային երկխոսությանը, ինչպես նաև հանգեցրել կողմերի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը: Ռուս-ամերիկյան երկխոսության նոր ձևաչափերի ներդրումն ավելի է կարևորվում, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը նույնպես վերսկսեցին հարաբերությունները և վերջ դրեցին Սառը պատերազմին երկխոսության նոր մեխանիզմների ներդրումով:  Ի դեպ, Թրամփը բազմիցս է դրական արտահայտվել Ռոնալդ Ռեյգանի մասին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել իրենց գործելաոճում:

Թե որքան արդյունավետ կլինեն հետագա բանակցությունները, կախված է ինչպես ամերիկյան ներքաղաքական, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներից: 

Լիանա Հովհաննիսյան

փորձագետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]