Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր 
պատմության մեծագույն առաքյալի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական  գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:
 
Ինչպես «Արմենպրես»ն տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի և գործունեության, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելությունը:
Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է:
Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար և նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետևանքով և ամբողջացրեց իր առաքելությունը:
Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք: Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]