Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մենուհինի անվան մրցույթից հետո ջութակահար Դիանա Ադամյանը ստացել է հեղինակավոր նվագախմբերի հետ հանդես գալու առաջարկներ  


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանն արդեն իսկ ճանաչված է դասական երաժշտության սիրահարների շրջանում: Վերջերս երաժիշտը Իեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել 16-21 տարեկանների խմբում: Սա Դիանայի առաջին հաղթանակը չէ. ջութակահարուհին հասցրել է դափնիներ նվաճել բազում այլ միջազգային մրցույթներում:

«Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոսը ծնվել է 2000 թ. Երևանում: Փաստում է՝ իր մեջ երաժշտության նկատմամբ սեր են սերմանել հենց երաժիշտ ծնողները՝ Նունե Անտաշյանն ու Հակոբ Ադամյանը: Մեզ հետ զրույցում Դիանան պատմում է նվեր ստացած խաղալիք ջութակի, մասնակցած միջազգային մրցույթների, Պինկաս Ցուկերմանի հետ համագործակցության ու կրթությունը շարունակելու կարևորության մասին:

Սեր երաժշտության նկատմամբ

Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում: Ծնողներս ջութակահարներ են, աշխատում են Հայաստանի պետական կամերային նվագախմբում: Փոքր ժամանակ սիրահարվեցի ջութակի հնչյուններին և հասկացա, որ սա է իմ ուղին, և ուրիշ ոլորտում ես ինձ չեմ պատկերացնում:

Իմ ծնողներն ինձ հյուրախաղերից մի փոքրիկ խաղալիք ջութակ էին բերել, և այն իմ ամենամտերիմ ընկերն էր: Երբ 5 տարեկան դարձա, ծնողներս որոշեցին, որ ժամանակն է իսկական ջութակի անցնել: 5,5 տարեկանում սկսեցի հաճախել դասերի:

Երաժշտական ազդեցություններ

Իմ երաժշտական կյանքում ամենակարևոր մարդիկ իմ ծնողներն են և իմ ուսուցիչները՝ երջանկահիշատակ Պետրոս Հայկազյանը և Էդուարդ Թադևոսյանը, որի մոտ հիմա սովորում եմ:

Չեմ կարող չնշել, որ իմ երաժշտական կյանքի ընթացքում բազմիցս մասնակցել եմ տարբեր վարպետության դասերի Պինկաս Ցուկերմանի, Լեոնիդաս Կավակոսի, Աննա Չումաչենկոյի և մի շարք այլ մեծանուն արտիստների մոտ: Դա ինձ շատ է օգնել:

Մրցութային հաղթարշավ

Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է 2007 թ., դա Ալ. Սպենդիարյանի անվան հանրապետական մրցույթն էր, հենց այդտեղից է սկսվել իմ համերգային և մրցութային գործունեությունը: Ամենակարևոր սկիզբը 2012 թ. «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթն էր Մոսկվայում, որտեղ արժանացա երկրորդ մրցանակին: 2014-ից սկսեցի հաճախել Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերը, իսկ 2015-ին հանդես եկա նրա հետ Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին Լոնդոնի Կադոգան հոլում՝ Անգլիայի թագավորական նվագախմբի հետ: Դրանից հետո Պ. Ի. Չայկովսկու անվան 9-րդ մրցույթն էր, որտեղ գրավեցի երրկրորդ հորիզոնականը, իսկ 2018 թ. մասնակցեցի Իեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթին և արժանացա 1-ին մրցանակի:

Մրցույթներին մասնակցելու դժվարությունը

Միշտ նշել եմ, որ այդքան կողմ չեմ մրցույթներին, քանի որ ինքս իմ մաշկի վրա զգացել եմ այն բոլոր դժվարությունները, որոնք երաժիշտն ունենում է մրցույթին մասնակցելիս: Շատ սթրեսային է: Չնայած դրան՝ կարողանում ես տեսնել քո աշխատանքի արդյունքը և համեմատել այդ արդյունքը այլ երաժիշտների ձեռքբերումների հետ:

Վերջերս ինչ-որ մրցույթի մասնակցելու պահանջ ունեցա, քանի որ 2-3 տարի դադարից հետո ցանկացա տեսնել իմ աշխատանքի արդյունքը: Տեսա, որ Իեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթը մասնակցության հայտեր է ընդունում, ձայնագրություններ պետք է ուղարկեինք: 10 օրվա մեջ նոր ծրագիր պատրաստեցինք, ձայնագրությունն ուղարկեցինք: Վստահ չէի, թե կանցնեմ նախընտրական փուլը, բայց անցա, և դա ինձ համար իսկական երազ էր: Մենուհինի մրցույթին մասնակցելն իմ մանկության երազանքն էր: Նույնիսկ մասնակցությունն ինձ համար շատ մեծ բան էր:

Սիրած կոմպոզիտորներ ու ժամանակակից հեղինակներ

Բոլոր հանճարեղ կոմպոզիտորներից ինձ ամենահոգեհարազատը Մոցարտն է: Շատ եմ սիրում նրա երկերը:

Ժամանակակից կոմպոզիտորների գործեր վերջերս եմ սկսել կատարել: Հենց Մենուհինի մրցույթի շրջանակում բոլոր մասնակիցները պետք է կատարեին Յաիր Քլարթակի «Կիսավագր, կիսապոետ» գործը, ես նույնպես սովորեցի ու կատարեցի այն:

Կարևորելով կրթությունը

Շատ են այնպիսի մարդիկ, կոլեկտիվները, որոնց հետ կցանկանայի համագործակցել: Իմ ծնողների, ուսուցիչների ու շատ մարդկանց շնորհիվ ես կարողացել եմ հանդիպել իմ երազանքների մարդկանցից որոշների հետ:

Այս պահին ինձ համար շատ կարևոր է ուսումը: Վերջերս ընդունվեցի Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (Hochschule für Musik und Theater München), որտեղ սովորելու եմ Աննա Չումաչենկոյի մոտ:

Մենուհինի անվան մրցույթից հետո ստացել եմ Լոնդոնի թագավորական նվագախմբի, Գերմանիայի մի քանի նվագախմբերի հետ ելույթներ ունենալու հրավերներ: Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ համերգային ելույթներս համատեղել ուսմանս հետ:

 Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի




Այս թեմայով

... վերջին լուր "«Նորամուտ»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ