Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետին
ԵՐԵՎՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի ջանքերն ու նախաձեռնողականությունը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդման գործում, մասնավորապես շեշտելով նրա դերը 2014 թվականին Արցախի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման գործում:
Ժակ Ռեմիյեն էլ իր հերթին՝ վստահեցրել է, որ այսուհետև ևս աշխատելու է երկու երկրների միջև բարեկամության ու փոխգործակցության մակարդակի բարձրացման և Արցախում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախկին քաղաքապետը ուրախությամբ է արձանագրել, որ տարեցտարի քույր քաղաքների թիվն ընդլայնվում է, իսկ համագործակցության ուղղությունները՝ համալրվում նոր ծրագրեըով:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախում ֆրանկաֆոնիայի ծրագրերի, միջխորհրդարանական կապերի և քույր քաղաքների հետ համագործակցության թեմաներին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում