Տնտեսություն

Կառավարությունը չի քննարկում «Տաշիր» ընկերությունից ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու հարց

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը չի քննարկում «Տաշիր» ընկերությունից ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու հարց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլեկտրական ցանցերը «Տաշիր» ընկերությունից վերցնելու հարց կառավարությունը չի քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին` գո՞հ է ՀԷՑ-ի կառավարումից` նախարարը պատասխանեց. «ՀԷՑ-ի կառավարման աշխատանքներից գոհ լինելու վերաբերյալ կարծիք ես այս պահին չպետք է ունենամ, որովհետև այն կլինի շատ սուբյեկտիվ և կողմնակալ: ՀԷՑ-ի աշխատանքներից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ կարծիք ինձ թվում է` բնակչությունը պետք է արտահայտի»:

Այնուամենայնիվ, նախարարը վստահություն հայտնեց, որ ՀԷՑ-ը բավարար և որակյալ ծառայություններ մատուցում է:

Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանն է հանձնվել 2015թ. հոկտեմբերից, որից հետո մեկ տարվա ընթացքում ընկերությունն աստիճանաբար ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանը հանձնելու որոշում կայացվել է, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը որոշում է կայացրեԼ վաճառել ՀԷՑ-ի բաժնետոմսերը և հրաժարվել դրա կառավարումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում