Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների թիվը 

Հայաստանում ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 
ընկերությունների թիվը 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2010-2017 թվականին տարեկան միջինը գրանցել է 29.8 աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, 2017 թվականին ՏՏ ոլորտում 612 մլն դոլարի չափով ծառայություն է մատուցվել:

«Սա շատ լավ ցուցանիշ է, որովհետև նախորդ տարիների համեմատ դինամիկ աճ կա: 2015 թվականին ՏՏ ոլորտում 425 մլն դոլարի չափով ծառայություն էր մատուցվել: ՏՏ ոլորտի մեր հիմնական արտահանումն իրականացվում է դեպի ԱՄՆ, Կանադա,  Եվրոպա, Ռուսաստան, Ավստրալիա, Արևելյան Ասիայի երկրներ»,-ասաց փոխնախարարը:

Ավագ Ավանեսյանը նշեց, որ տարեցտարի ոլորտում նկատվում է ընկերությունների թվի աճ: 2014 թվականին ստեղծվել է 274 կազմակերպություն, իսկ 2017 թվականին՝  570 կազմակերպություն:

«Այսինքն՝ կրկնակի աճ է գրանցվել: Դա նշանակում է, որ ամեն տարի նոր գաղափարներ են ի հայտ գալիս ոլորտում: Մենք արձանագրում ենք, որ պոտենցիալը մեծ է, և պետք է պայմաններ ապահովենք այն իրականացնելու համար»,-հավելեց Ավագ Ավանեսյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է ինովացիոն ռազմավարություն: Քննարկվում է մտքի ուժը վերջնական արտադրանքի վերածելու համար համապատասխան պայմանների ստեղծման հարցը:

«Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնված է մարդկային կապիտալի վրա, հետևաբար մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի կադրային ռեսուրսի ձևավորումը՝ աշխատանքը սկսելով դպրոցներից: Դա՝ որպես երկարաժամկետ լուծում: Անհրաժեշտ են նաև կարճաժամկետ լուծումներ, դրանցից մեկը պետության կողմից ՏՏ ծառայությունների համար պահանջարկի ստեղծումն է»,-ասաց Ավագ Ավանեսյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ տեխնոլոգիական լուծումները Հայաստանի տարբեր ոլորտներում կիրառելու տեսանկյունից անելիքներ կան բիզնես ոլորտի տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու առումով: Ավագ Ավանեսյանի խոսքով՝ պետք է հարթակներ ստեղծել, որ բիզնեսը լիարժեք տեղեկացված լինի տեխնոլոգիական լուծումներին, և պարզ լինի, թե որտեղ դրանք կարող է կիրառել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am