ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում ներկայում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը պետք է դարձնել հանրային քննարկման առարկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, կոմիտեն այս օրերին ստացել է բազմաթիվ դիմումներ և արձագանքներ՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ:
«Մեզ են դիմում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են մեզ հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:
Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:
Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի: Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:
Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը»,-ասված է հաղորդագրության մեջ: