1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Գասպար Կարապետյան

 Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. 
Գասպար Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկատմամբ վստահությունը   Եվրոպական միության կողմից հասել է նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի եվրոպական և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում:

-Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները ժողովրդական արժեքների առաջընթաց էին։ Եվրոպան և առհասարակ միջազգային հանրության արձագանքները, անշուշտ դրական էին և ողջունելի։ Եվրոպան բազմիցս այս ընթացքում հանդիպումների, դռնփակ քննարկումների ընթացքում անդրադարձել է  Հայաստանում զարգացող իրադարձություններին, տվել դրական գնահատական, փաստել, որ Հայաստանում  հարգվում են ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքները և ձևավորվում ավելի  կայացած քաղաքացիական հասարակություն։ Այս փաստը ողջունելի է, քանի որ  ՀՀ-ԵՄ ստորագրած  համապարփակ և ընդլայնված  համագործակցության համաձայնագրի գործադրման  համար Հայաստանի նկատմամբ վստահությունը   Եվրոպական միության կողմից  հասել է նոր մակարդակի և համաձայնագիրն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից:  Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության առաջին խորհրդի առթիվ և ավելի վաղ Եվրոպական պառլամենտի  արտաքին  հարաբերությունների հանձնախումբը հանդես են եկել  բավականին դրական հայտարարությամբ Հայաստանում ձևավորված նոր իրադրության մասին։

-Պարոն Կարապետյան, վերջին շրջանում Արցախի իշխանությունները բարձրաձայնում են, որ առաջնագծում ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժեր կան: Մտավախություն կա իրավիճակի սրման տեսանկյունից: Ըստ ձեզ` ինչո՞վ է պայմանավորված այս փուլում Ադրբեջանի ակտիվացումը:

-Այո, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացումների վերաբերյալ հայտարարությունները բավական շատ են, սակայն դա չի նշանակում, որ  զինտեխնիկայի կուտակումներ չեն եղել նախորդ ամիսների ընթացքում ևս, որը մեծ զգոնություն է պահանջում։ Ադրբեջանի ակտիվացումն այսօր հաճախ կապվում է Հայաստանում վերջին երկու ամիսների իրադարձություններով: Ադրբեջանն այդ օրերին հավանաբար ցանկություն ուներ տեսնելու հայ ժողովրդի միասնականության կորուստ, որը հիմնականում զբաղված լինելով ներքին խնդիրներով՝ կմոռանար արտաքին վտանգի մասին: Հայ ժողովուրդը, սակայն, և մասնավորապես Հայոց բանակն ապացուցեցին հակառակը՝ զգալով  պահի լրջությունը, երբեք չզիջեցին իրենց դիրքերը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ այդպիսի իրադրության պայմաններում, երբ Հայաստանը ևս մեկ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, հայոց բանակն ավելի պատրաստակամ է իր առաքելության մեջ:

-Արդյո՞ք Հայ Դատի գրասենյակն Ադրբեջանի ակտիվացման վերաբերյալ հարցերը բարձրացրել է եվրոպական տարբեր շրջանակներում:

-Որպես ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ, մենք ոչ միայն Ադրբեջանի ակտիվության մասին բարձրաձայնում ենք տարբեր առիթներով, այլ նաև  բավականին մեծ և կարևոր տեղեկատվություն ենք փոխանցում և՛ հակամարտության շփման գծում կատարվող խախտումների, և՛ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ:

-Միջազգային հանրությունը, միջնորդները, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակի սրացումը կասեցնելու համար:

-Միջազգային հանրությունը, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ, բավական տեղեկացված է իրավիճակից, Ադրբեջանի  մտադրություններից, քանի որ Ադրբեջանը հենց ինքն է իր գործողությունները հայտնի դարձնում արտաքին դաշտին։ Եվրոպական շրջանակները, անշուշտ, աջակցում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին, որոնք արտահայտվում են նաև ԵՄ-Հայաստան կնքված համաձայնագրում: Միջնորդ կողմը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանին տիրող իրավիճակը հետաքննող մեխանիզմներ կիրառելու համար։

Այսօր Հայաստանում ձևավորված նոր իշխանությունները հանդես են գալիս Արցախին բանակցային դաշտ բերելու հայտարարություններով, որը ողջունելի է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների կողմից՝ համարվելով գլխավոր նախապայմաններից մեկը Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծման համար։ Այս ամենով պայմանավորված՝ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայաստանյան այցելությունները կարող են հիմք դնել բանակցությունների նոր որակի։ Բացի դա, Եվրոպական միությունը պետք է պաշտոնական մակարդակով քայլեր ձեռնարկի իր ներկայացուցիչներին Արցախ գործուղելու և «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալու համար։

-Հայ դատի գրասենյակն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Արդյո՞ք եվրոպացի պատգամավորների այցելություն Արցախ առաջիկայում սպասվում է:

-ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի առաջիկա ծրագրային առաջնահերթություններից է եվրոպական քաղաքական շրջանակների մոտ շարունակել Արցախյան հիմնախնդրի բարձրաձայնումը և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանությունը: Գրասենյակն իր ամենօրյա աշխատանքներով նպաստում է նաև Հայաստան -ԵՄ հարաբերությունների խորացմանը և զարգացմանը, ինչպես այս օրերին Բրյուսելում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (Euronest parliamentary assembly) շրջանակներում օժանդակություն է ցուցաբերում հայաստանյան պատվիրակությանը:

Մենք առաջիկա ամիսներին շարունակելու ենք կազմակերպել եվրոպական երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորների այցելություններ Արցախ, այդպիսով ձախողելով Ադրբեջանի՝ Արցախը մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]