Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ջանջուղազյանը Հայաստանում ներքին աուդիտի կատարելագործման խնդիր է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներքին աուդիտի անընդհատ կատարելագործման խնդիր ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» հերթական 47-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մեր խնդիրն է ունենալ լավագույն ներքին աուդիտ և ներքին հսկողության համակարգ: Դրան հասնելու համար  պետք է քայլեր ձեռնարկել: Պետական ֆինանսների կառավարման հայեցակարգն իր մեջ պարունակում է դրույթներ, որոնցով նախատեսվում է գործողություն իրականցնել , որոնք ի վերջո  մեզ բերելու են կատարյալին մոտ համակարգի»,- ասաց Ջանջուղազյանը:

Հարցին` թե արդյոք Հայաստանում պետական ծախսերը արդյունավե՞տ են կատարվում, Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ չկա որևէ երկիր, որտեղ չի քննարկվում այդ հարցը, և դա օրինաչափ է, որովհետև մշտապես կա այդ պահանջը հասկանալու, թե  հարկատուների կողմից վճարված միջոցները ինչ չափով են ծառայում նպատակներին:

«Որպեսզի կարողանանք դատողություններ անել արդյունավետության մասին, պետք է կարողանանք գնահատել, թե ինչ համակարգով ենք ուզում տեսնել արդյունավետության չափման գործիքը: Չափման եղանակը աշխարհը գտել է հետևյալ ճանապարհով` ներդնել ծրագրային բյուջետավորում, որը հնարավորություն կտա բացահայտել չափողականությունը այս կամ այն միջոցառման»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` 2019 թվականի բյուջեն պետք է կազմված լինի այդ ձևաչափով, և ներկայումս այդ աշխատաքները  գտնվում են եզրափակիչ  փուլում:

Լրագրողների հարցին, թե ինչպես է նա  գնահատում նախորդ տարիներին բյուջեի ծախսի արդյունավետությունը, նախարարը նշեց, որ ծախսերի արդյունավետությունը բարելավվելու տեղ ունի, սակայն դա չի նշանակում, որ դրանք եղել են անարդյունավետ:

«Երբ խոսում ենք ծախսերի մասին, դրանք մեկ ցուցանիշով չենք կարող նկարագրել: Դրանց մեջ կան ծախսեր, որոնք արել ենք շատ բարձր արդյունավետությամբ կամ քիչ արդյունավետությամբ, որոնք բարելավվելու տեղ ունեն»,- եզրափակեց նախարարը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ