1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը 
կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարևոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով ևս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում խոսվել է նաև առևտրատնտեսական համագործակցության մասին: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է: Դրական դինամիկան ներկայում ևս շարունակվում է: Առաջին եռամսյակում առևտրաշրջանառության աճը հասել է գրեթե 40 տոկոսի: Մենք համաձայն ենք, որ նման բարձր ցուցանիշները հնարավոր են դարձել նաև այն առավելությունների շնորհիվ, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ում մեր երկրների անդամակցությունը»,- նկատեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են երկրում բոլոր օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը. ներկայում Հայաստանում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2200 ընկերություն:

Նախարարները քննարկել են նաև համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում և էներգետիկ, բանկային ու հեռահաղորդակցության ոլորտներում: Լավրովի համոզմամբ՝ այդ ոլորտներում հաջողությանը կնպաստեն նաև տնտեսական ու ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները:

«Շատ կարևոր ու օգտակար փոխգործակցություն է հաստատվել հումանիտար ոլորտում: 2017 թվականի դեկտեմբերին Գյումրիում սկսել է աշխատանքը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի մասնաճյուղը: Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5500  քաղաքացի, որոնցից 1500-ը դաշնային բյուջեի հաշվին»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանում գործում են ռուսական բուհերի 8 մասնաճյուղեր, որտեղ սովորում են 3500 ուսանողներ: «Մենք սերտ համագործակցում ենք ու կոորդինացնում ենք մեր գործողությունները միջազգային արենայում: Այսօր ուսումնասիրել ենք այն պրակտիկ խնդիրները, որոնք այս համատեքստում կանգնած են մեր ներկայացուցիչների առաջ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր աշխատանքին Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Հայաստանում»,- ասաց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Ռուսաստանը ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ  հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարեց Լավրովը:

Նա իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքներից: «Վստահ եմ, որ դրանք կնպաստեն Հայաստանի ու ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների հետագա առաջընթացին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]