Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու որոշմանը

Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու 
որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն արել են իրենց աշխատանքը, իսկ դատարանն այդպիսի որոշում կայացրեց: «Ես խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք դատարանին»,- ասաց ոստիկանապետը:

Հարցին՝ ոստիկանությունն ո՞ւնի տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսիպյանը պատասխանեց. «Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում է կայացվել: Կխնդրեմ այդ հարցով դատարանին դիմել»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու որոշում է կայացրել հունիսի 2-ին։ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am