Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանը որպես պատվո հյուր մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

Նախագահ Սարգսյանը որպես պատվո հյուր մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և 
եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի դերը ներհայաստանյան իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության տարբեր շրջաններում, հատկապես, երբ վերջին հարյուրամյակների պետականության բացակայության պայմաններում կարողացել է պահել մեր ժողովրդի միասնությունը, ինքնությունը, ավանդույթներն ու մշակույթը:

Անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին՝ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ մեզանում իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով: Նախագահի խոսքով՝ հետագա փոփոխությունների համար երկար ժամանակ է անհրաժեշտ, հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի մեր քաղաքացիները, մեր ժողովրդի զավակները, անկախ իրենց գտնվելու վայրից, իրենց նվիրումը բերեն հայրենիքին:

Հանրապետության նախագահը մասնավորապես կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, սոցիալական արդարության, կրթության, պետական ապարատի գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրները:

Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպումը համարել է երկխոսության հնարավորություն և պատրաստակամորեն պատասխանել մասնակիցների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am