Հասարակական

«Արմենպրես»-ի համար թանկ է հուսալի գործընկերոջ բարի համբավը. գործակալության գլխավոր խմբագրի ելույթը Լրագրողների համահայկական համաժողովին

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի համար թանկ է հուսալի գործընկերոջ բարի համբավը. գործակալության գլխավոր խմբագրի ելույթը Լրագրողների համահայկական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը որդեգրել է իր առաքելությանը հավատարիմ հավաստի, ճշտված, օպերատիվ տեղեկատվության ապահովման քաղաքականություն: ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին իր ելույթում այս մասին նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը:

Նա նշեց, որ այդ սկզբունքներով է գործակալությունն առաջնորդվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, երկրի համար կարևորագույն շատ այլ միջոցառումների, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման ժամանակ: Ընդ որում, վերջին ներհայաստանյան իրադարձությունների արմենպրեսյան լուսաբանումները լայն ցիտումներ են ունեցել միջազգային հեղինակավոր այնպիսի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են CNN-ը, BBC-ն, The Guardian-ը, New York Times-ը:

«Ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի համար խորհրդանշական՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի տարում: Ես առանձնակի հպարտությամբ եմ ձեզ ողջունում, քանի որ ներկայացնում եմ Առաջին Հանրապետության տարեկից լրատվամիջոցը՝ Հայաստանի առաջին լրատվական գործակալությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նարինե Նազարյանը:

Անդրադարձ կատարելով Հայաստանի մեկդարյա պատմության վավերագիր «Արմենպրես»-ի անցյալին, ներկային և ապագայի տեսլականին՝ Նարինե Նազարյանը նշեց, որ աշխարհում հեռագրական գործակալությունները ստեղծվեցին տպագիր մամուլից շատ ավելի ուշ՝ 19-րդ դարի առաջին կեսին՝ կապված հեռագրական տեխնիկայի գյուտի հետ: Դրանք շատ արագորեն իրենց տեղը գտան որպես աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իրազեկողներ:

Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին նման գործակալության ծնունդը նշանակալի իրադարձություն էր, նրան վերապահված էր կարևորագույն դեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Դրա հիմնմանն առնչվող առաջին օրենքի ընդունման մասին նշված է Հայաստանի ազգային խորհրդի 1918 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի արձանագրության մեջ: Այդ փաստաթղթով երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկությունները տալ գործակալությանը, ընդ որում՝ արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ այլ հաստատությունների: Արգելվել է նաև գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում՝ բաժանորդ թերթերում դրանց արտատպումից հետո 48 ժամվա ընթացքում:

«Հայհեռագործի (խմբ.- Հայկական հեռագրական գործակալություն) ստեղծման ակունքներում կանգնած է ու գործակալության արխիվային փաստաթղթերում որպես առաջին կառավարիչ նշված է ականավոր քաղաքական գործիչ Սիմոն Վրացյանի անունը»,-նշեց նա:

1972 թվականից գործակալությունն անվանակոչվել է «Արմենպրես»: Նարինե Նազարյանն ընդգծեց, որ «Արմենպրես»-ը լրատվություն է ապահովում չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն: Նա շեշտեց արաբերեն ժապավենի կարևորությունը՝ փոթորկուն այս ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքի ու ողջ արաբախոս աշխարհի համար Հայաստանում, Արցախում, Սփյուռքի հայկական համայնքներում ու աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների ներկայացման տեսանկյունից:

Գործակալության անգլերեն և ռուսերեն լրահոսը մեծապես գնահատված է գործընկերների կողմից: «Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

«Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում: Նա տեղեկացրեց, որ բառացիորեն օրեր առաջ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում անցկացվող աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովի շրջանակում լրատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական Prensa Latina գործակալության նախագահի հետ:

«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի քառամյա լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է նաև «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:

Նարինե Նազարյանը նշեց, որ «Արմենպրես»-ի մամուլի սրահը Հայաստանի ակտիվ, արդիական և հեղինակավոր ասուլիսային հարթակներից մեկն է: Մամուլի կենտրոնում շաբաթական անցկացվում է մի քանի միջոցառում՝ լայն հանրային ընդգրկմամբ, ուղիղ հեռարձակմամբ:

«Հպարտությամբ ենք հայտարարում նաև «Արմենպրես. Պատմություն» նախագծի իրականացման մասին, որի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի 10 հազար լուսանկար թվայնացվել է։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։ «Արմենպրես»-ի թիմը ջանք չի խնայում պահպանելու գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունը ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում»,-ասաց Նարինե Նազարյանն՝ ընդգծելով, որ «Արմենպրես»-ի համար թանկ է հուսալի գործընկերոջ բարի համբավը:

Նարինե Նազարյանի խոսքով, «Արմենպրես»-ը շարունակելու է գործել ճշտված ու օպերատիվ լրատվություն հաղորդելու առաքելությանը հավատարիմ կերպով: Նա հույս հայտնեց, որ Սփյուռքի գործընկերների, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների համար գործակալությունը լինելու է նույնքան հուսալի, որքան ներկայում:

«Արմենպրես»-ն այս տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը: Ծրագրում ենք գործակալության անցած ուղու, երկրի կյանքում լրատվամիջոցի կարևորության արժևորման միջոցառումներ: Անցած 100 տարիները միայն իմաստնություն ու փորձ են ավելացնում գործակալության ապագայի կառուցման մեր տեսլականում: Լրատվամիջոցների առջև ծառացած մարտահրավերներին համարժեք արձագանքելու, ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն աշխատանքում կիրառելու, կեղծ տեղեկատվության կամ, այսպես կոչված, «ֆեյք լուրերի» դեմ պայքարի, ընթերցողի մեդիագրագիտությունը բարձրացնելու, սոցիալական ցանցերում օր օրի ահագնացող չափերի հասնող չճշտված տեղեկատվությունը տարբերակելու, ապագայի լրատվամիջոց կերտելու գործին հավատարիմ ու այդ հարցում վճռական ենք»,-հավելեց Նարինե Նազարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունում մայիսի 30-ին մեկնարկել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը: Այս տարի համաժողովին մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի առաջին հանրապետության լրագրությունից մինչև լրատվամիջոցներում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներն ու դրանցում լրագրողների դերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում