Տնտեսություն

Դավիթ Անանյանը հանդիպել է առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ և հորդորել է շտկել բոլոր թերությունները

2 րոպեի ընթերցում

Դավիթ Անանյանը հանդիպել է առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ և հորդորել է շտկել բոլոր թերությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ, փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում