Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

#CultTalk. Լավագույն Էսմերալդան. Հելեն Սեգարան՝ իր հայկական արմատների, Ազնավուրի ու առաջիկա ծրագրերի մասին

#CultTalk. Լավագույն Էսմերալդան. Հելեն Սեգարան՝ իր հայկական արմատների, 
Ազնավուրի ու առաջիկա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա շատ փոքր հասակից յուրահատուկ սեր ուներ երաժշտության նկատմամբ: Նրա հայազգի մայրը դեմ էր, որ աղջիկը երգչուհի դառնա, բայց 11 տարեկանում ապագա աստղը մասնակցեց առաջին մրցույթին ու հաղթեց, 15 տարեկանում էլ թողեց ուսումն ու սկսեց երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։ Նրա առաջին սկավառակը հաջողություն չունեցավ, բայց երգչուհին այդ փաստից չվհատվեց. առաջին ձախողմանը քանի՜-քանի հաղթանակներ հաջորդեցին: Համաշխարհային մամուլը փաստում է, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը հենց Հելեն Սեգարան է: ֆրանսիացի երգչուհին ու երգահանը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է Հայաստանի, իր հայկական արմատների, Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի հետ համագործակցության, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Հայաստան այցն ինձ զգացմունքային է դարձնում

Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, նույն զգացողություններն եմ ունենում: Երբ ամենաառաջին անգամ եկա, այնպիսի զգացողություն ունեի, կարծես նախկինում այստեղ եղել էի: Իմ ընտանիքի արյունն էր կարծես արթնացել: Իմ մայրիկի պապիկը ծնվել էր Մուշում: Նա գեներալ Անդրանիկի հրամանատարությամբ է կռվել, կռվել է իր հայրենիքի համար: Եվ դա ինձ զգացմունքային է դարձնում ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս:

Մայրս դեմ էր, որ երգեմ

Նա վախենում էր, որ շոու բիզնեսը վտանգավոր կլինի երիտասարդ կնոջ համար: Բայց ես նրան ասացի, որ երգելն իմ կիրքն է, ես պետք է գնամ իմ կրքի հետևից: Մայրիկս Շառլ Ազնավուրի դստեր հետ է դպրոց գնացել: Տարիներ հետո էլ հանդիպել է Շառլ Ազնավուրին: Նրա հետ հանդիպումից հետո մայրս ինձ ասաց, որ շատ հպարտ է իմ կարիերայով:

Շառլ Ազնավուրն ու Հելեն Սեգարայի արցունքները

Առաջին անգամ հանդիպեցինք, երբ դեռ նոր-նոր էի  քայլեր անում ոլորտում, ես շատ ամաչկոտ էի: Շառլին ժամանակ է պետք մարդկանց բացահայտելու համար: Առաջին անգամ այդքան էլ շատ չխոսեցինք:

Տարիներ անց միասին Հայաստան եկանք պաշտոնական պատվիրակության կազմում: Շառլի հետ ընթրիքի էինք: Ընթրիքի ընթացքում մի երգիչ «Դլե յամանը» երգեց: Երբ լսեցի այս ստեղծագործությունը, սկսեցի արտասվել: Շառլն ասաց. «Գիտեմ, այս երգը ինձ նույնպես ստիպում է արտասվել»: Ահա, թե ինչու այս երգը ներառեցի իմ ալբոմներից մեկում. ուզում էի, որ ֆրանսիացիները բացահայտեն այս երգը: Եվ մայրիկիս սիրելի երգերից է…

Երբ Ազնավուրի հետ առաջին անգամ Հայաստան եկա, ես մի երգ գրեցի իմ ընտանիքի պատմության, Ցեղասպանության մասին, կոչվում էր Dans nos souvenirs: Ես այս երգը գրել էի իմ աղջկա համար: Ասել է, թե այն հետևյալ ուղերձն ունի. «Միևնույն է, եթե չես եղել Հայաստանում, մի օր ինձ հետ այստեղ կգաս, և կհասկանաս, թե ինչպես ենք մենք պայքարել, ապրել: Ահա թե ինչու ես դու այսօր այստեղ»: Եվ երբ Երևանում այս երգը կատարեցի, լաց եղա: Դժվար է երգել, երբ այսքա՜ն զգացմունքներ ունես:

Շառլ Ազնավուրն ինձ ասել է, որ ինքը Հայաստանն ուշ է բացահայտել: Ինչքան շատ ես այստեղ մնում, ավելին ես գիտակցում քո ընտանիքի, արմատների մասին:

Սիրո և խաղաղության համատեքստում

Ես համերգներ եմ ունենում աշխարհի տարբեր երկրներում: Ես ինձ հետ տանում եմ սիրո և խաղաղության հաղորդագրությունը: Ես «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից  «Ավե Մարիան» ծնկաչոք եմ երգել անգամ արաբական երկրներում: «Ավե Մարիան» աղոթք է, սիրո հաղորդագրություն: Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ պատերազմում հավատքի պատճառով…

«Փարիզի Աստվածամոր տաճարը»

Ես շատ եմ սիրում «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը: Երբ փոքր էի, մայրիկս ինձ Չինգինե էր անվանում, որովհետև ես ուզում է գնչու լինել, կոշիկ հագնել չէի ցանկանում: Երբ ինձ առաջարկեցին Էսմերալդայի դերը մարմնավորել, ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, հենց ես եմ»: Գարուի, իմ և թիմի մյուս անդամների միջև իսկական կախարդական մթնոլորտ էր տիրում: Ես շատ եմ սիրում մյուզիքլի երգերը, ուզում եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում կատարել դրանք: Սա իմ լավագույն հիշողություններից է…

Բոչելլի, Լեգրան և այլ արտիստներ...

Ամեն անգամ, երբ որևէ տեղ համերգ եմ ունենում, ասում են՝ քո երգն էլ (Vivo Per Lei –ի մասին է խոսքը- հեղ.) պետք է կատարես Անդրեա Բոչելլիի հետ:  Մենք մինչև հիմա շատ մոտ ենք: Բախտավոր եմ, որ երգել եմ նրա հետ: Նա ամենագեղեցիկ ձայներից մեկն ունի:

Լեգրանի հետ բազմիցս համագործակցել եմ, մենք շատ մտերիմ ենք, երգել եմ նրա հետ: Մենք նրա հետ դուետ էլ ենք ձայնագրել՝ La valse des lilas երգը:

Այնքան շատ արտիստներ կային, որոնց հետ կցանկանայի համագործակցել: Ես շատ մտերիմ եմ Սելին Դիոնի հետ, միասին երգել ենք հեռուստատեսային շոուի համար, բայց զուգերգ չենք ձայնագրել: Շատ հաճելի մարդ է: Ես Բարբարա Սթրեյզանդի ձայնն եմ սիրում: Ես սիրում եմ նաև, այսպես ասած, պակաս հայտնի երգիչներին: Իմ ամենասիրելի խմբերից է Radiohead-ը: Հանրահայտ System of a Down-ն եմ սիրում:

Ուզում եմ պաշտպանել աղջկաս

Իմ մեծ տղան 28 տարեկան է, երաժիշտ է, երկրորդ որդիս 15 տարեկան է, նա գիտության և մաթեմատիկայի սիրահար է, իսկ աղջիկս 14 տարեկան կդառնա: Նա շատ լավ է երգում: Եթե ցանկանա երգի ուղին ընտրել, հուսամ, որ կկարողանամ նրան պաշտպանել: Ուզում եմ, որ մնա իմ փոքրիկ աղջիկը, և նրան ոչ ոք ցավ չպատճառի: Երգչի մասնագիտությունը շատ բարդ է, ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը:

Առաջիկա ծրագրեր

Ես հիմա շատ նախագծերի վրա եմ աշխատում: Համաշխարհային շրջագայություն եմ իրականացնում, Հայաստան եմ եկել Ուկրաինայից: Վերջին տարիներին France's Got Talent հեռուստաշոուի ժյուրում եմ, մինչև Սուրբ Ծնունդ որպես ժյուրիի անդամ եմ հանդես գալու: Բացի այդ, բազում հեռուստաշոուներ կան, ես էլ նոր ալբոմս եմ պատրաստում:

 Հ.Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նշենք, որ Սեգարան Հայաստանում էր «Մեցցո» փրոդաքշնի հրավերով՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]