Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էջմիածնում Գոհաբանական մաղթանք կատարվեց

Էջմիածնում Գոհաբանական մաղթանք կատարվեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 28-ին կատարվեց Գոհաբանական մաղթանք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:

Մաղթանքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:

Հանդիսավոր թափորը Մայր Տաճարի առջևից, ավետաբեր տոնական զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Բաց խորան, ուր սկսվեց Գոհաբանական մաղթանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի Հանրապետության խաղաղության և անսասանության համար:

Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը տոնի և 100-ամյա հոբելյանի առիթով իր պատգամն ուղղեց համայն հայությանը: Ներկայացնում ենք պատգամն ամբողջությամբ.

«Գոհություն Աստծու, որ տվեց մեզ հաղթությունը
մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»
(Ա Կորնթ. 15.57)։

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Միածնաէջ այս նվիրական սրբավայրում համախմբվել ենք 100-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետության և մայիսյան

հերոսամարտերի, որոնք մեր ժողովուրդը մղեց միահամուռ պաշտպանելով նվիրական մեր հայրենիքը: Մենք միասնական մեր աղոթքը բարձրացրեցինք՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և հայցեցինք Երկնավորից խաղաղություն մեր երկրին, անսասանություն՝ մեր պետությանը, բարօրություն՝ մեր ժողովրդին: Խնդրեցինք Տիրոջ օգնությունը՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով հաղթահարելու մեր կյանքում հառնած խնդիրներն ու հրամայականները:

Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հիշատակները մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման՝ արժևորելով, թե առ Աստված հավատքի և առ հայրենին սիրո ինչպիսի ուժ ու զորությամբ մեր ժողովուրդը փրկեց իր երկիրը՝ իր բնօրրանում ազատ ու ապահով կյանք կերտելու բաղձանքով: Մեր ժողովուրդը պատմության հազարամյակներում բազում հողմեր ու փոթորիկներ է տեսել: Բազում նվիրական հիշատակներ ունենք ծանր փորձություններից ու հարվածներից մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելու: Օրհասական պահերին մեր ժողովրդի դրսևորած վառ հայրենասիրության, կենաց ու մահու մարտերում ձեռք բերված հաղթանակների հիշատակներն այսօր զորացնում են մեզ մեր պետականությունը ամրապնդելու և հայրենիքը շենացնելու հանձնառության մեջ:

Անկախ պետականության հովանու ներքո ազատ կյանք կերտելու տեսլականով անցնող տասնամյակներում մենք դիմակայել ենք մեծ դժվարությունների, ներքաղաքական ցնցումների, մեզ պարտադրված պատերազմին: Իրականացնելով պետական ու հասարակական կյանքի վերափոխումներ՝ հաղթահարել ենք հաճախ անհաղթահարելի թվացող իրավիճակներ: Այս բոլոր զոհողությունները մեր ժողովուրդը հանձն է առել և իր ձեռքբերումները կերտել՝ Քրիստոսի հանդեպ սերը դարձնելով սեր ազգի ու հայրենիքի, սեր՝ միմյանց հանդեպ:

Հայրենասիրության և ազգասիրության նվիրական զգացումները, հայրենի պետականության շահերով առաջնորդվելու ձգտումը մեր ժողովրդի զավակները ամուր պահեցին նաև այս օրերին, քաղաքական ու հասարակական կյանքի նոր զարգացումների մեջ: Առկա խնդիրների հանդիման՝ մեր ժողովուրդն այսօր համակված է բարեփոխումներ իրականացնելու աննվազ վճռականությամբ ու նաև ձգտումով՝ շարունակելու հաստատել մեր երկրի ընթացքը խաղաղության, օրինահարգության, առաջադիմության շավիղներում: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով: Արդարև, առաջին քրիստոնյա պետությանը վայել է բերել օրինակը համերաշխության, եղբայրսիրության, որն առավել համախմբում է հասարակությանը՝ ի շահ առաջընթացի նպատակների իրագործման։

Առ Աստված Մեր հայցն ու մաղթանք է, որ մեր ժողովուրդը պահի քրիստոնեական արժեքները և իր բոլոր քայլերը կատարի Քրիստոսով, իր կյանքում ապրեցնի Նրա Ավետարանի ոգին: Աստծո խոսքը մեզ հաստատում է արդարության, իրավունքի, եղբայրսիրության, խաղաղության մեջ, որպեսզի մեր հոգիներից բխելով այդ արժեքները մարմնավորվեն կյանքում: Ստիպողաբար դրանք իրականություն չեն դառնում, այլ բարի կամքով պտղավորվում են որպես արդյունքներ հոգու, որը երկնային շնորհներով լիացնողը Քրիստոս է՝ մեր Տերը: Առաքյալն ասում է. «Յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.10-11): Քրիստոս է հիմքը, քանի որ ամեն ինչ Նրանով է

ստեղծված, և Նրանով է արարչությունը փրկության շնորհի ներքո, և ամեն բան Նրա իշխանությանն է հանձնված: Քրիստոսով կառուցվածը կանգուն է ինչպես ժայռի վրա կառուցված տունը, որին հողմերը և հորդացող ջրերը հարվածեցին, բայց չկործանվեց (հմմտ. Մտթ. 7.24-27):

Սիրելիներ, մայիսյան պանծալի իրադարձությանց խորհրդով ոգեշնչված՝ միասնաբար հայցենք, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ պարգևված հաղթությունները, զորությունն ու շնորհները բազմապատկվեն մեր կյանքում: Ի խորոց սրտի մեր աղոթքը բարձրացնենք՝ խոնարհում բերելով լուսավոր հիշատակին մեր նորօրյա Ղևոնդ Երեցի՝ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսյան մարտերի հերոս հայորդիների՝ Արամ Մանուկյանի, Գարեգին վարդապետ Հովսեփյանի, քաջարի զորականներ Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների, Դրոյի և այլոց ու բազում հոգևորականների: Մայիսյան հերոսամարտերի օրերին հնչող զանգերի ղողանջը թող մշտապես արձագանքի հայոց հոգիներում: Թող ղողանջեն զանգերը՝ վառ պահելով խնկելի հիշատակը հայոց քաջերի: Թող ղողանջեն զանգերը՝ ի ծագս աշխարհի հյուսելով պանծանքը Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամատերի: Թող ղողանջեն, հար ղողանջեն զանգերը՝ աշխարհասփյուռ ազգիս զավակաց մեջ ամրապնդելով խիզախումի ու անձնվիրումի ոգին, որպեսզի մեր ժողովուրդը նոր կորովով ու եռանդով շարունակի ծառայել մեր հայրենիքի առաջընթացին, մեր կյանքի ապահովությանն ու բարօրությանը, ազգային մեր իղձերի իրագործմանը:

Տիրոջ սերը, ողորմությունն ու շնորհները այսօր և հավիտյան թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]