Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հիմնավորել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու որոշումը

Տարոն Մարգարյանը հիմնավորել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի 
մանդատից զրկելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման առնչությամբ: «2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթից ավելի միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել օրենքի ուժով: «Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»,-ընդգծել է քաղաքապետը՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին  Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում  ունեցած ներդրման համար։

«Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով իհարկե բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին: Հուսով  եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի՝ «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը, մասնավորապես.

 «Եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով`

                1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

                2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:»

                «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը։

Տարոն Մարգարյանն մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am