Մեգան Մարքլին արքայազն Հարրիի հետ հարսանիքի օրը դեպի խորան կուղեկցի արքայազն Չառլզը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզն իր որդու՝ արքայազն Հարրիի հարսնացուին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին մայիսի 19-ին նախատեսված հարսանեկան արարողությանը կուղեկցի դեպի խորան:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Քենսինգթոնի պալատի՝ ապագա ընտանեկան զույգի պաշտոնական նստավայրի՝ մայիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: «Տիկին Մեգան Մարքլը Նորին Թագավորական բարձրություն Ուելսի արքայազնին խնդրել Է իր հարսանիքի օրը իրեն դեպի խորան ուղեկցել Սուրբ Գեւորգի մատուռում: Ուելսի արքայազնն ուրախ Է տիկին Մարքլին թագավորական ընտանիք ընդունելու նման եղանակով»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախապես պլանավորված Էր, որ արքայազն Հարրիի հարսնացուին դեպի խորան կուղեկցի նրա հայրը՝ Թոմաս Մարքլը: Սակայն մայիսի 17-ին վերջնականապես հայտարարվել Է, որ նա չի կարողանա ներկա լինել արարողությանը տարած՝ սրտի նոպայի եւ այդ առնչությամբ մայիսի 16-ին կատարված՝ սրտի վիրահատության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում