Անհրաժեշտ է ծառայողական ավտոմեքենաների լուրջ կրճատում անել. Նիկոլ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաներին: «Ժամանակակից աշխարհում տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը ծախսերի ավելորդ վատնում է։ «Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել»,- ասաց նա:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելացրեց, որ գործուղումների հարցը ևս պետք է վերանայել, քանի որ դրանք երբեմն վերածվում են «տուրիստական շրջագայությունների»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր նախարարությունների նկատմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում