Անհրաժեշտ է ծառայողական ավտոմեքենաների լուրջ կրճատում անել. Նիկոլ Փաշինյան

Armenpress 15:38, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաներին: «Ժամանակակից աշխարհում  տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը ծախսերի ավելորդ վատնում է։ «Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել»,- ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելացրեց, որ  գործուղումների հարցը ևս պետք է վերանայել, քանի որ դրանք երբեմն վերածվում են  «տուրիստական շրջագայությունների»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր նախարարությունների նկատմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am