Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ. ԹԱՐՄԱՑՎՈՂ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոտ 3 տասնյակ ակտիվիստներ ներխուժեցին քաղաքապետարանի շենք և բարձրացան Տարոն Մարգարյանի աշխատասենյակ: 

Ակտիվիստներին դիմավորեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Այնուհետև քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ և ոստիկանները փակեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակ տանող մուտքը:

Ակտիվիստներին մոտեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշեց, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկեց վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին:

Ակտիվիստներն իրենց հերթին պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ, քանի որ այդ ամենի պատասխանատուն Տարոն Մարգարյանն է: Դավիթ Օհանյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ոլորտ ունի իր պատասխանատուն: «Հիմա բարձրանանք, դուք կհանդիպեք այդ ոլորտի պատասխանատուների հետ, եթե ձեր հարցերի պատասխանները չստանաք, դրանից հետո քննարկենք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը՝ խոստանալով հրավիրել նաև Տարոն Մարգարյանին:

Ակտիվիստները մերժում են այլ առաջարկներ ու պնդում են, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանին:

Մինչ քաղաքապետարանի շենք մտնելը ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները: 

14:40- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներին կոչ արեց լքել քաղաքապետարանի շենքը, քննարկում կազմակերպել մեծ դահլիճում, որին մասնակից կլինի նաև Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին մինչ այդ նույն առաջարկն արել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, սակայն ակտիվիստները մերժեցին այդ առաջարկը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի շենքում որևէ մեկն անտարբեր չէ այն հարցերի նկատմամբ, որ բարձրացնում են քաղաքացիները:

15:35- Երևանի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի հարակից Արգիշտի փողոցը: Ակտիվիստների մի խումբ էլ հավաքված է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ և փորձում են ներս մտնել ու միանալ շենքում գտնվող ակտիվիստներին: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը և թույլ չեն տալիս ակտիվիստներին ներս մտնել:

Քաղաքապետարանի դիմաց են հավաքվել նաև Տարոն Մարգարյանին սատարողները՝ ձեռքին՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով:

Քաղաքապետարան է եկել նաև այսօրվանից ԱԺ պատգամավորների մանդատն ստացած Ալեն Սիմոնյանը, ով Երևանի ավագանու անդամ էր «Ելք» խմբակցությունից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ