Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ խորհրդարանական ուժերը վերահաստատել են Արցախի խնդրի շուրջ միասնական մոտեցումների կարևորությունը

ՀՀ խորհրդարանական ուժերը վերահաստատել են Արցախի խնդրի շուրջ միասնական 
մոտեցումների կարևորությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, որ բավականին լուրջ և անկեղծ զրույց են ունեցել ԱՀ Նախագահի հետ՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին քննարկելով Արցախի անվտանգության հարցը: Գ. Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև Արցախի Նախագահի ազդեցիկ դերը ի նպաստ բերելու ստեղծված ներքաղաքական լարվածության թուլացման և երկխոսության համար: «Համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը սթափ է գնահատում իրավիճակը, և որ այդ սթափությունը մեզ կտանի դրական լիցքերի: Կարծում եմ՝ այն համախմբվածությունը, որ գոյություն ունի ժողովրդի մեջ, պետք է օգտագործել միայն ի շահ մեր պետության անվտանգության ապահովման և տնտեսական վերելքի»,- ավելացրել է Գ. Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն այն է, որ մեր հանրապետության ներքաղաքական կյանքի լարված իրավիճակում բոլորս միահամուռ կարևորենք պետական և ազգային խնդիրը՝ Արցախի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: «Բնականաբար, այստեղ կան նաև ռիսկեր, և հակառակորդը այս իրավիճակից կարող է օգտվել: Սակայն բոլոր քաղաքական ուժերն էլ այս առումով արտահայտեցին իրենց մտահոգությունները և վերահաստատեցին, որ Արցախի հարցում տարակարծություններ չկան»,- նշել է Մ. Մելքումյանը:

«ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Նախագահ Սահակյանի հետ հանդիպմանը կարևորվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն խաղաղ, այլև հնարավորինս արագ, որպեսզի հակառակորդի մոտ նոր ագրեսիա սկսելու գայթակղություն չառաջանա: «Մենք տեսնում ենք նաև հնարավորություն, որ այս համաժողովրդական շարժումը կզսպի Ադրբեջանին: Այս շարժումից պետք է դուրս գանք ավելի համախմբված, և բոլոր ջանքերն ուղղված են դրան»,- ընդգծել է Ա. Ռուստամյանը:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում էական են ԱՀ ղեկավարության հետ անընդհատ և անմիջական շփումները, տեղեկատվության փոխանակումը, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: «Հայ ժողովրդի համար ստեղծվել է աննախադեպ հնարավորությունների մի շրջան, և մեր բոլոր քաղաքական ուժերը, ժողովրդի առաջնորդությամբ և ժողովրդի կամքին ենթարկվելով, պետք է միահամուռ ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հնարավորություններից լավագույնը քաղենք թե՛ տնտեսական, թե՛ ներդրումների, թե՛ միջազգային հեղինակության և թե՛ բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքի ամրապնդման առումներով»- ասել է Ա, Միրզոյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am