Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր 
պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է:

«Հայերի համար օրացույցի վրա ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչության սրբազան օր: Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է: Հետևաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրավիրում է մեկ անգամ ևս վերանորոգելու մեր հավատարմությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Ցեղասպան թուրքը ցանկացավ Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից, սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր ժողովուրդը վկա է, որ մեր ժողովուրդը մնաց կանգուն պատմության արյունոտ կապանքների՝ ցեղասպանության դիմաց»,-ասել է Արամ Ա-ն ու հավելել, որ ցեղասպանը չկարողացավ սպանել հայի հոգին:

Նրա խոսքով՝ այսօր մեր ժողովուրդն աշխարհին ներկայանում է որպես հարության և առաջադեմ ժողովուրդ, որ ցեղասպանը չուրանա իր գործած ոճիրը, չնենգափոխի իր իսկ պատմությունը: Ողջ աշխարհը գիտի ճշմարտությունը, որ 1915-ին հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է կատարել: Այսօր նույնիսկ որոշ թուրք մտավորականներ են սկսել խոսել պատմական իրողությունից:

«Մենք հավատարիմ ենք մեր նահատակների սրբազան կտակին, հիշում ենք անցյալը: Սակայն այսօր միայն ցեղասպանությունը հիշելու օր չէ,  մենք միաժամանակ աշխարհին մեր պահանջատիրությունը, մեր ժողովրդի արդար իրավունքները հիշեցնելու գիտակից ժողովուրդ ենք: Չենք կարողանա մոռանալ, որ Թուրքիան 1.5 միլիոն հայերի արյունը թափեց»,-նշել է Վեհափառ Հայրապետը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am