Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար. Վիգեն Սարգսյան

Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որը կիրառվում է ամենաքաղաքակիրթ, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության գործողություններին:

«Ես հասկանում եմ, որ այն, ինչ հիմա կասեմ, կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել, բայց ցանկացած զանգվածային հավաքի ժամանակ, և ես դա տեսել եմ ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի այդ ոստիկանությունը, պատրաստված լինի, միջոցներ ունենա, միշտ կարող է ուժի կիրառման անհրաժեշտության կամ համաչափության եզրին գտնվել»,- ասաց Սարգսյանը:

Նա կարևորեց այն, որ առաջիկա ընթացակարգերի ժամանակ քննության առնվեն բոլոր այն սխալմունքները, որոնք իրականում եղել են: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ պակաս կարևոր չէ ոստիկանության գործունեության նկատմամբ ի սկզբանե ապրիորի մեղավորության կանխավարկածի բացառումը:

«Այդ մարդիկ, շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար: Դա կարող է դուր գալ կամ չգալ միջոցառման կազմակերպիչներին, բայց հավատացնում եմ ձեզ՝ անգործության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունները, որոնք ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել»,- հայտարարեց պաշտպանության նախարարը:

Նա կոչ արեց ամեն բան դիտարկել համաչափության մեջ: «Հորդորում եմ ձեզ, եթե ուզում եք համեմատության որոշակի եզրեր դնել, դիտեք ամենաքաղաքակիրթ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում զանգվածային հավաքների արձագանքման տեսակադրերը, որոնք շատ-շատ կան համացանցում՝ սկսած Ֆրանսիայից, Գերմանիայից մինչև Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, և ուղղակի համադրեք: Այսինքն, ոչ մի նոր բան ՀՀ ոստիկանությունը չի հորինել: Հայկական ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որ գոյություն ունի, և ի պատիվ ոստիկանության պետք է ասել, որ տարիների ընթացքում նրանք կարողացել են անցկացնել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է արհեստավարժության մակարդակ ունենալու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am