Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանը նախապայմաններ ներկայացրեց իշխանությունների հետ երկխոսության համար


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի մերժում իշխանությունների հետ երկխոսությունը, սակայն ունի մի շարք նախապայմաններ: «Մենք ասում ենք, որ ընդհանրապես ուշ է, գնացքը գնացել է, բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, թե պատրաստ է քննարկել միայն իշխանության հրաժարականը և դրա հետ կապված պայմանները:

Անդրադառնալով հետագա քաղաքական զարգացումների հետ կապված իրենց պատկերացումներին` նա ներկայացրեց մի քանի կետ, որոնք կրկին վերաբերում էին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին, ԱԺ-ի կողմից նոր վարչապետի ընտրությանը, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և հնարավոր քաղաքական պայմանավորվածությամբ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը:

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Սակայն կա մի նախապայման, որ արտահերթ ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պետք է չլինեն, դրանք պետք է 100 տոկոսով լինեն արդար ընտրություններ»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև օրվա ընթացքում իրականացված քաղաքական ակցիաներին և նշեց, որ ապրիլի 20-ի երթում սահմանել են նոր ռեկորդ` այն շարունակվել է 25 կմ 100 մետր, կատարվել է 37 հազար քայլ: Նա նշեց, որ օրվա ընթացքում տեղի ունեցած ակցիաները կրել են զանգվածային բնույթ և թվարկեց այն փողոցները, որոնք տարբեր ժամանակահատվածներում փակվել են: 

Միաժամանակ, նա ավելացրեց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, մի շարք մտավորականներ ընդգծել են ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Մենք ընդգծում ենք, որ սա խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն է, ժողովրդական և այն պետք է տեղի ունենա բաց ձեռքերի տրամաբանության շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:  

Իր խոսքի ավարտին նա նշեց, որ ապրիլի 21-ին խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու են:  

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաև ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը, ցույցի կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանը, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը և այլք:

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ՝ դեպի Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ երթուղով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ