Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը 
վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարՆիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները վերադառնում են Երևանի փողոցները փակելու մարտավարությանը: Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: «Վաղը հայտարարում ենք բեռնատարներով Երևանի փողոցները շրջափակելու օր, որ նույնիսկ ոստիկանության քարշակները չկարողանան հանել մեքենաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ բեռնատարների վարորդները կարձագանքեն իր կոչին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու, որին ակնկալում են տեսնել ոստիկանությունում աշխատող հարազատներ, ընկերներ և բարեկամներ ունեցող բոլոր անձանց:

Պատգամավորն անդրադարձավ նաև բոլոր նրանց կարծիքներին, ովքեր իրենց նախաձեռնած շարժման մեջ արևմտամետություն կամ ռուսամետություն են փնտրում: «Քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, մենք չենք առաջնորդվել ու երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ որևէ այլ երկրի շահերով: Մեր միակ անելիքն ու առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական և ազգային շահերի սպասարկումն է»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև  հայտնեց, որ ապրիլի 18-ի հանրահավաքից հետո իրեն զանգահարել է Սերժ Թանկյանը, և նրա հետ երկար զրուցել են Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Փաշինյանը տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանը առաջիկայում  հայտարարություն կանի` առաջիկայում Հայաստան ժամանելու կամ չժամանելու մասին: 

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան «Իմ քայլը» նախաձեռնության մի շարք անդամներ, տեսակապով հավաքի մասնակիցներին իր ուղերձը հղեց սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Հանրահավաքից հետո հավաքի մասնակիցները Երևանի փողոցներով երթի դուրս եկան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ