Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի 
սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարևոր խնդիրներից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անցած տարիների աշխատանքի, առաջիկա քայլերի, հանձնաժողովում քննվող գործերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ: 

-Տիկին Սահակյան, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուրույն տեղն ու դերը` խնդրում եմ ներկայացրեք հանձնաժողովի առջև դրված խնդիրները, գործունեությունը հատկապես սահմանադրական բարեփոխումներից և կառավարման նոր համակարգի անցնելու համատեքստում: 

-Նախ նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ունի տարբեր ուղղություններ, որոնցից առանցքային են կանխարգելումը և պատժելը: Եթե զուգահեռ անցկացնենք, օրինակ, հիվանդությունների հետ, ապա գոյություն ունի հիվանդության կանխարգելում և բուժում: Ինչպես հիվանդությունների, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում դերակատարումներն առանձնացված են, իսկ տրամադրված միջոցները՝ տարբերակված: 
Կոռուպցիայի դեմ պայքարում Հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ դեր` միտված կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Հանձնաժողովը, սակայն, կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու և պատժելու լիազորություն չունի, որը տրված է այլ մարմինների: Որպես կանխարգելող մարմին Հանձնաժողովի հիմնական խնդիրը պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրման և հանրային էթիկայի համակարգերի զարգացումն է:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` Հանձնաժողովի խնդիրն է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը: Ուստի, Հանձնաժողովի կողմից կարևորվում է մինչև նոր մարմնի ձևավորումը օրենսդրական դրույթների կատարելագործումը, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինումը, ֆինանսական հայտարարագրերի բազմաշերտ վերլուծությունների համար տեղեկատվական բազաների կապակցումը, որոնք Հանձնաժողովն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է:
Եվ իհարկե, Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: 

-Որքանո՞վ եք արդյունավետ համարում հանձնաժողովի աշխատանքն անցած տարիների ընթացքում և ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկայում աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ: 

-Ցանկացած մարմնի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական սուբյեկտիվ կհնչի, եթե այն հիմնված չէ օբյեկտիվ չափորոշիչների վրա: Ես` որպես կառույցի ղեկավար, զերծ կմնամ որևէ դրական ինքնագնահատական հնչեցնելուց, բայց կառաջադրեմ այն չափորոշիչները, որոնց հիման վրա միջազգային պրակտիկայում գնահատվում է համանման կառույցների աշխատանքը: Առաջին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մոնիթորինգ իրականացնող միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի գնահատականները: Այս առումով, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունքներն արդեն իսկ գնահատվել են այնպիսի հեղինակավոր և մասնագիտացված կառույցների կողմից, ինչպիսիք են ԳՐԵԿՈ (GRECO), ՏՀԶԿ (OECD), ԵՄ և Համաշխարհային բանկը: Միջազգային զեկույցներում արձանագրված է, որ կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու, բարենպաստ իրավական նախադրյալներ ձևավորելու հարցում Հայաստանն արձանագրել է նշանակալի առաջընթաց:  

Երկրորդ, ներդրված ինստիտուտները և ենթակառուցվածքները, դրանց վրա ծախսված ժամանակը, տրամադրված մարդկային և ֆինանսական ռեսուրսները:Նշեմ, որ մինչև 2017 թվականի կեսերը Հանձնաժողովը գործել է 5 անդամի կազմով՝ առանց աշխատակազմի, ինքնուրույն բյուջեի՝ սահմանափակ լիազորություններով: Այդուհանդերձ, Հանձնաժողովի ջանքերով պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրերի համակարգն Հայաստանում առաջին անգամ փաստացի ներդրվեց, ապահովվեց տվյալների հանրայնացումը: Հայտարարագրումը իրավական առումով Հայաստանում ներդրվել է դեռևս 1992 թվականին: 2001 թվականին ընդունվել է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որով օրենքի վերահսկողությունը տրվել էր լուրջ գործիքակազմով և ռեսուրսներով զինված հարկային մարմիններին: Տասնամյակից ավել այս ոլորտում գործնական արդյունք հնարավոր չի եղել ապահովել, անգամ հայտարարագրերի հավաքման և հրապարակայնացման մասով: Նույն կերպ ձախողման է դատապարտվել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը: 

Մինչդեռ, Հանձնաժողովի ջանքերով ներդրված է ժամանակակից պահանջներով համակարգ, որը լուծում է ոչ միայն հայտարարագրերի հավաքման, հրապարակայնացման, այլև վերլուծական խնդիրներ՝ գերազանցելով հայտարարագրման երկարատև և կայացած համակարգ ունեցող երկրներին: Հայաստանի հայտարարագրման համակարգը միջազգային զեկույցներում ներկայացվում է որպես հաջողված և մրցունակ:
Ծախսված ռեսուրսների և ժամկետի առումով Հանձնաժողովի փորձը ևս աննախադեպ է և ուսանելի է այլ երկրների համար: Այսպես լավագույններից մեկը համարվող ռումինական փորձի դեպքում Ռումինիայի ազգային ինթեգրիթի գործակալությունը (ստեղծվել է 2007 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգն՝ իր վերլուծական գործիքակազմով, միայն 2014 թվականին՝ գործունեությունից շուրջ 7 տարի անց: Ընդ որում, գործակալությունն ունի շուրջ 200 աշխատակից, իսկ միայն 2014 թվականին հատկացված պետական բյուջեն կազմել է 4,5 միլիոն եվրո (չի ներառում ուղղակի ֆինանսավորումները միջազգային կառույցների կողմից, որոնք գերազանցում են մի քանի տասնյակ միլիոնը): Նույն կերպ, ԱՄՆ Կառավարության էթիկայի գրասենյակը (ստեղծվել է 1978 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգը միայն 2012 թվականին՝ առանց վերլուծական գործիքակազմի: Հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման նպատակով առցանց  էլեկտրոնային հասանելիություն է ապահովված  տեղեկատվական բազաներին:

Շահերի բախման օրենսդրական թերի կարգավորումների և պրո-ակտիվ դերի բացակայության պայմաններում, Հանձնաժողովը նախաձեռնել և իրականացրել է խորքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կյանքի է կոչվել կանխարգելման ոլորտում հիմնավոր օրենսդրական քաղաքականության մշակումը, այդ թվում՝ շահերի հայտարարագրման ներմուծումը: Մի շարք ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են առաջարկություններ Կառավարությանը հանրային ծառայության և այլ օրենսդրական ակտերում  միասնական և հարմոնացված քաղաքականություն ապահովելու համար:

Հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ սկսել է վարքագծի կանոնագրքերի մշակման գործընթացը, ներդրել է կոռուպցիայի կանխարգելման հարցերով ուսումնական և վերապատրաստման ծրագրեր: Միաժամանակ պետք է փաստել, որ առավելապես վերջին մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նախաձեռնությամբ և ակտիվ ներգրավվածությամբ տեղի են ունեցել առկա խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ (օրինակ` ամբողջական լիազորություններով և ամուր կարգավիճակով կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորում, ապօրինի հարստացման քրեականացում, բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալացում, հայտարարատուների շրջանակի ընդլայնում, հայտարարագրերի վերլուծության և արժանահավատության լիազորության սահմանում, հայտարարագրմանն առնչվող խախտումների համար սանկցիաների սահմանում, շահերի բախման կարգավորումների վերանայում, այդ թվում՝ փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, շահերի բախման և այլ սահմանափակումների խախտումների դեպքերում իրավական հետևանքների հստակեցում, շահերի հայտարարագրման համակարգի ներդնում, հայտարարագրերի բովանդակության միասնականացում և այլն):

Պետք է նաև նշեմ, որ մեզ դեռ չի հաջողվել հանրության շրջանում ձևավորել ճշգրիտ պատկերացումներ Հանձնաժողովի դերի ու խնդիրների վերաբերյալ` պայմանավորված իրազեկման լայնածավալ միջոցառումների բացակայությամբ: Մյուս կողմից, մտահոգիչ է մնում կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հասարակական ընկալումների փոփոխման խնդիրը կենսական է և այն պահանջելու է քայլեր ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այնպես էլ իրավապահ մարմինների, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնող կառույցների, վերահսկող, աուդիտ իրականացնող մարմինների կողմից, նաև` արդյունավետ համագործակցություն միմյանց միջև:

-Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Որքանո՞վ եք կարևորում այս փոփոխությունները, նպաստում ե՞ն դրանք հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: 

Անշուշտ, նպաստում են: Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հայտարարագրերի վերլուծության մեթոդներն օրենսդրական ամրագրում չէին ստացել և հստակ չէր, թե հայտարարագրերի վերլուծությունն ինչ է ենթադրում: Բացի այդ, պարզ չէր, թե որոնք են հայտարարագրմանն առնչվող խախտումները, առկա չէին այդ առնչությամբ իրավական հետևանքներ նախատեսող օրինադրույթներ: 

Իրավիճակը սկզբունքորեն փոխվել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո: Ընդ որում, լուծում է տրված ոչ միայն վերը թվարկված հարցերին: Օրենքով Հանձնաժողովին տրվել է համապատասխան մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական բազաներին հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է հայտարարագրված տվյալների ստուգման համար: Արդյունքում Հանձնաժողովն ակտիվորեն իրացնում է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ օրենքով իրենց վերապահված գործառույթը և արդեն իսկ առկա են որոշակի ամփոփ ցուցանիշներ: 

-Տիկին Սահակյան, վերջերս խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախաձեռնություն, որով ընդլայնվում է բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: 2017թ. օրենքով քրեականացվել է նաև ապօրինի հարստացումը: Արդյունավետ լուծում համարում ե՞ք այս գործիքները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով:

-Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոչ միայն ընդլայնվել է  հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, այլև հայտարարագրման իմաստով ներդրվել է նոր հասկացություն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ անձի ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր ոք: Այդ առումով, հայտարարատուների շրջանակը վերանայելիս հաշվի են առնվել նաև համապատասխան ոլորտների ռիսկայնությունը: Սակայն հայտարարատուների շրջանակի ընդլայնումը կլիներ ինքնանպատակ, եթե չհստակեցվեին հայտարարագրերի վերլուծությանն առնչվող կարգավորումները, չսահմանվեին խախտումների համար վարչաիրավական և քրեաիրավական ներգործության միջոցներ: Այդ առումով, կարևորվում է նաև հայտարարատուների ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման գործընթացը, որում դերակատարում է ունենալու առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգի, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ, համագործակցելու է ՀՀ գլխավոր դատախազության հետ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ունենալու է ավելի լայն գործիքակազմ, քան գործող էթիկայի հանձնաժողովը:   

-Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ սանկցիաներ են նախատեսված այն դեպքերի համար, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրան փոխկապակցված անձինք սահմանված ժամկետներում չեն ներկայացնում հայտարարագիրը: 

-Նախ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում: Վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը արդեն քրեորեն պատժելի է` պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա: 

-Տիկին Սահակյան, խնդրում եմ ներկայացնել հանձնաժողովում այս պահին քննվող գործեր, որոնք կարող են հետաքրքիր լինել հանրության լայն շերտերի համար:

-Նախ չէի ցանկանա կոնկրետ գործերով անուններ տալ, քանի որ ստիպված կլինեմ դա անել ընտրողաբար: Միաժամանակ, կներկայացնեմ քննարկվող գործերի բնույթը:  Այս պահին Հանձնաժողովի կողմից քննվող գործերի շարքում են 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում արտացոլված տվյալների ստուգման արդյունքներով վերհանված շուրջ 170 անհամապատասխանությունների դեպքեր: 

Ներկայումս ընթացքի մեջ են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում արժեթղթերի (այլ ներդրումների) մասով արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման արդյունքներով վերհանված անհամապատասխանությունների դեպքերի հետ կապված ընթացակարգերը: Այդ առումով, 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերում վերհանված անհամապատասխանությունների առնչությամբ առաջիկայում կնախաձեռնվեն վարութային ընթացակարգեր:

Առաջիկայում կհրապարակայնացվի այն անձանց ցանկը, ովքեր 2017 թվականի հուլիսի 1-ից հետո գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր են ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հանձնաժողովի որոշումներով վարչական տույժեր են կիրառվել ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ:  Հանձնաժողովը նաև ուսումնասիրում է իր իրավասության ներքո գտնվող այլ հարցերին առնչվող դիմումներն ու հրապարակումները և համապատասխան հիմքերի առկայության պարագայում ընթացք տալիս դրանց՝ արդյունքների մասին տեղեկացնելով շահագրգիռ անձանց:

 

Հարցազրույցը Շանթ Խլղաթյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]