Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

 ՀՀ Նախագահը Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի7-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ դեսպան Վոլինկինի գլխավորությամբ դեսպանության ակտիվ գործունեությունը մի մասն է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացվում է ՌԴ ղեկավարության հետ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, դինամիկ զարգանում է նաև համագործակցությունը հումանիտար, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում: 

Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին իր աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ այն իրականացվել է դեսպանության ողջ աշխատակազմի, համախոհների ջանքերով, ովքեր սիրում են Հայաստանը և արել են ամեն հնարավորը՝ նպաստելու երկու պետությունների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ դեր ունի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների անձնական ներդրումը: 

Դեսպանը համակարծիք է եղել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, և հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և նշել, որ այդ ժամանակահատվածում ոչ միայն հարստացրել է իր դիվանագիտական աշխատանքի փորձառությունը, այլև շատ բան է սովորել հայ ժողովրդից, որ իր հետագա աշխատանքի, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում օգտակար է լինելու: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանն իր սրտում է, և ապագայում ևս առիթներ կունենա վերադառնալու իր համար հարազատ դարձած այս երկիր:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական կապերի զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, շնորհավորել և մաղթել նրան հետագա հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]