Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Հարությունյանի 90-ամյակը նշանավորվեց նրա քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ

Արա Հարությունյանի 90-ամյակը նշանավորվեց նրա քանդակների և գրաֆիկական 
աշխատանքների ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 30, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենագլխավոր խորհրդանիշերից մեկի` Երևանի բարձունքում խոյացող «Մայր Հայաստան»-ի հեղինակ Արա Հարությունյանի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է արվեստագետի շուրջ 60 աշխատանք քանդակագործի ընտանիքի հավաքածուից: Ցուցանմուշներում արտահայտված են վարպետի բազմակողմանի մոտեցումները և ստեղծագործական երևակայությունը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մարտի 30-ին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

«Արա Հարությունյանը մեր ժամանակների լավագույն ստեղծագործողներից է: Հայ քանդակագործությունը պետք է պարծենա, որ սերունդներին նման  ուսուցիչ է տվել, որի գործերը մեր հարստությունն են: Նրա ստեղծած հուշարձանները, որոնք կառուցման և ճարտարապետության հետ սինթեզված են, առանձնահատուկ են Երևանի և առհասարակ Հայաստանի համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քանդակագործ Տարիել Հակոբյանը:

Շուրջ ութ տարի Արա Հարությունյանին աշակերտած քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով՝ վարպետն իրեն փորձում էր պաշտպանել և նշում էր, որ պետք է հանրությանը ներկայանալ, ցուցադրվել միայն պատրաստ լինելու դեպքում: «Տաղանդ ունենալը քիչ է. դու պետք է կարողանաս քեզ զսպել արդյունք տալու համար:  Եթե ծառը ժամանակից շուտ ծաղկի, կարող է ցրտահարվել»,-ընդգծեց Ավետիսը և հավելեց, որ ուսուցչից քաղած ամենամեծ դասը նախ լավ մարդ, նոր լավ արվեստագետ լինելն է:

Քանդակագործի թոռ՝ Արա Հարությունյան կրտսերն ասաց, որ ցուցահանդեսի գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն կյանքի կոչվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ: «Գլխավոր միտքը հենց անվան մեջ է՝ «Մոնումենտալ երևակայում»: Արա Հարությունյանի տեսիլքը միշտ պարունակել է մոնումենտալիզմ, որն արտահայտված է ինչպես մեծ, այնպես էլ՝ փոքր գործերում և գրաֆիկական աշխատանքներում»,-շեշտեց Հարությունյանը և հույս հայտնեց, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կշարունակի համագործակցությունը «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ և ներդրում կունենա Հայաստանի մշակույթի զարգացման գործում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանն ասաց, որ հանրության համար ցուցադրությունը բաց կլինի մարտի 31-ից մինչև հունիսի 10-ը:

Արա Հարությունյանը (1928-1999) խորհրդային ժամանակաշրջանի հայ ամենաականավոր մոնումենտալ քանդակագործներից էր: Նա առաջիններից է Հայաստանու, որ ստեղծել է քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ: Նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների հեղինակ է (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ)։

Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Ռուսական արվեստի թանգարաններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]