Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Երևանյան բեսթսելեր 4/104. «Հարյուր տարվա մենություն», «Մի գիշերվա հյուր», «Պորտնոյի ցավը» ամենավաճառվածներից են


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքը: Պատմելու արվեստի անգերազանցելի վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որը «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված և ամենաշատ թարգմանված գործն է: Այն շարունակում է այդպիսին մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերունդների հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:

Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի ականավոր գրող Ֆիլիպ Ռոթի մեծ աղմուկ հանած  «Պորտնոյի ցավը» վեպը: Այն ամերիկյան հրեա Ալեքսանդր Պորտնոյի տրագիկոմիկական խոստովանությունն է այն ավերների մասին, որ նրա ինքնությանը պատճառել են իրենց ձևավորած մշակույթը, ազգային կարծրատիպերն ու տաբուները՝ տեղիք տալով հոգեմաշ սեքսուալ մտասևեռման և մեղքի զգացման: Անգլերենից թարգմանել և ծանոթագրել է Զավեն Բոյաջյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը զիջել է առաջատարի դիրքերը և երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Չորրորդ հորիզոնականում «Մի գիշերվա հյուր» վեպն է, որը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: Վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին: Եբրայերենից թարգմանել է Ալվինա Հովհաննիսյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» գիրքը, որը հինգերորդ տեղում է,  աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանր ու մեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով: Գերմաներենից թարգմանությունը և վերջաբանը՝ Աշոտ Ալեքսանյանի:

Վեցերորդ հորիզոնականում է Խուլիո Կորտասարի «Ցատկախաղը» ստեղծագործությունը, որը ձևով և բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը: Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի` կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելլիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Մեր աղյուսակ է վերադարձել և ութերորդ տեղը գրավել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպն իններորդն է: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» Անտարես 86
2 Նոր Ֆիլիպ Ռոթ «Պորտնոյի ցավը» Անտարես 59
3 -2 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 57
4 Նոր Շմուել Յոսեֆ Ագնոն «Մի գիշերվա հյուր» Անտարես 57
5 Նոր Ռոբերտ Վալզեր «Զբոսանք» Անտարես 53
6 Նոր Խուլիո Կորտասար «Ցատկախաղ» Անտարես 46
7 -4 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 30
8 * Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» Բուկինիստ 25
9 * Նարինե Աբգարյան «Երկնքից երեք խնձոր ընկավ» Օրակուլ 21
10 -6 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 18

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ