ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ թունավորվել Է ֆենոլից. Fox
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 15 մարդ Է հիվանդանոց տեղափոխվել ֆենոլից (կարբոլաթթու) թունավորման հետեւանքով, որը մարտի 27-ին տեղի Է ունեցել Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) Բերուին արվարձանի բժշկական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ խիստ թունավոր նյութով լի ոչ մեծ անոթը պատահաբար կոտրվել Էր պացիենտների զննման համար նախատեսված սենյակում: Միջադեպի ժամանակ շենքում եղել Է 35 մարդ. ոմանք սկսել են հազալ, սրտխառնոց եւ գլխացավ են ունեցել: Բուժհաստատության աշխատակիցները պատահարի վայր են կանչել փրկարարների, որոնք տարհանում են անցկացրել:
Բուժկենտրոնի ղեկավար Ֆրենք Մանքուսոն հայտարարել Է, որ սկսվել Է «պատահարի հետաքննությունը եւ հնարավոր ամեն բան կարվի, որպեսզի դա չկրկնվի»: Շենքը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն ավարտել թույնից հաստատության մաքրումը: Հոսպիտալացված մարդկանց վիճակի մասին իշխանություններն առայժմ ոչինչ չեն հայտնում:
Ֆենոլը շատ թունավոր նյութ Է, որը ներս շնչելիս առաջացնում Է նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարում: Այն բացասական ազդեցություն Է գործում սրտի եւ երիկամների վրա, իսկ մաշկի վրա հայտնվելիս առաջացնում Է քիմիական այրվածք: Միեւնույն ժամանակ նյութը բժշկական արդյունաբերության մեջ օգտագործվում Է դեղորայքային պատրաստուկներ արտադրելու համար, իսկ 1,4 տոկոս ֆենոլ պարունակող լուծույթը կիրառվում Է որպես ցավազրկող եւ հականեխիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում