ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանը հանդիպումներ է ունեցել Արցախի բարձրագույն ղեկավարության հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս- Յոհան Շմիդտին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ հանրային կապերի բաժնից, Ազգային ժողովի ղեկավարը բարձր է գնահատել նախկին դեսպանի՝ Արցախի հանդեպ ունեցած շարունակական հետաքրքրությունը և պատրաստակամություն հայտնել պատասխանել Արցախի տարբեր ոլորտներից նրան հետաքրքրող հարցերին:
Հանս-Յոհան Շմիդտը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանի հետ կապված կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես խոսելով դասախոսությունների և ուսանողներին եվրոպական կրթական նախագծերին մասնակից դարձնելու աջակցության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքին, դիվանագիտական շփումներին և այլ հարցերով գերմանական փորձին վերաբերող թեմաներ:
Արցախում Հանս-Յոհան Շմիդտը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում