Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին:



«Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը Հանրապետության Նախագահի, թերևս, ամենահաճելի պարտականությունն է: Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, և, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա:

Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ: Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել և չի մնալու: Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու և խրախուսելու գործին: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգևատրումից հետո արձագանքներ են լինում: Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում: Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգևատրման, ավելի քաջատեղյակ են, և նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է: Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ-որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել և խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից և անտեսել մարդկանց կատարածը:

Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաև՝ այսօրվա պարգևատրվածների: Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը: Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով: Շնորհակալ եմ ձեզ նվիրումի և աշխատանքի համար:

Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակներն իրագործելու ճանապարհին: Շատ շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել անցած տասը տարիներին Նախագահի գործունեությունը՝ նրա մարզային և արտերկրյա այցելությունները, նախագահական նստավայրում և դրանից դուրս տեղի ունեցած միջոցառումներն ակտիվ լուսաբանած լրագրողների և լրատվական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց մի մասն այսօր արժանացել է պետական պարգևների: Նախագահը լրագրողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող և մտահոգող հարցերի շուրջ, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին խնդիրներին և պետական կառավարման նոր համակարգի պայմաններում երկրի ապագային, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am