Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.5 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը:

Այսպես, ընթացիկ տարվա հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ շինարարության ծավալների աճը կազմել է 23.5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 10 միլիարդ 814 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 միլիարդ 831 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալները՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ:

Ակնհայտ է, որ ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության աճի տեմպերի արագացումը Արցախում որոշիչ կլինի նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում, ինչը թույլ կտա խոսել երկրի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին:

Նշենք, որ Արցախում Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ-ն) 2015թ.-ից ամսական կտրվածքով ներկայացնում է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը): Այն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և յուրաքանչյուր ամսվա համար իրենից ներկայացնում է ամբողջ տնտեսության կտրվածքով մեկ ագրեգացված ցուցանիշ` ինդեքսի տեսքով: Երկրի տնտեսական առողջությունը չափող այս ցուցանիշը, ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի, բնութագրում է ոչ թե ավելացված արժեքի, այլ տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը` հանդիսանալով ավելի օպերատիվ, ընդունելի ու ներդրումների տեսանկյունից առավել գրավիչ ցուցանիշ: Այն օգտագործվում է երկրի տնտեսական ծրագրերը կազմելու, տնտեսական հաջողությունները գնահատելու, տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական զարգացումները կանխատեսելու համար: Չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները, որոնք ներառված են եռամսյակային ու տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում` դրանով իսկ հստակ պատկերացում տալով տնտեսության իրական վիճակի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]