Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում զարգանում է արեգակնային էներգետիկան

Գեղարքունիքի մարզում զարգանում է արեգակնային էներգետիկան

ԳԱՎԱՌ, 22 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում տարեցտարի ավելանում է այն տնտեսությունների թիվը, որոնք «Շտիգեն» կազմակերպության աջակցությամբ տեղադրում են արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էներգիայի ստացման համակարգեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտիգեն» կազմակերպության տնօրեն Հայկ Շեկյանը, արդեն 7 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում իրենց կողմից իրականացվում է «Արեւային համայնք» ծրագիրը, որի շրջանակում մարզի համայնքներում տեղադրվում են արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էներգիայի համակարգեր: «Անցած յոթ տարում մեր աջակցությամբ մարզի տասնյակ տնտեսություններ տեղադրել են արեւային ջրատաքացուցիչներ կամ արեւային էներգիայի արտադրության համակարգեր: Արդյունքները գոհացուցիչ են, ոլորտի զարգացումն ապահովող: Մենք այցելում ենք համայնքներ,պահանջված հայտերի հիման վրա տեղադրում 10, 20 կամ 30 արեւային ջրատաքացուցիչներ կամ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության սարքեր: Տեղերում ունենք մասնագետներ, ովքեր զինված են համապատասխան գիտելիքներով եւ իրենք են տեղադրում սարքավորումները: Այս դեպքում մենք նաեւ կայուն աշխատատեղերի ստեղծման խնդիր ենք լուծում: Տեղադրման աշխատանքները մենք իրականացնում ենք շուկայականից ցածր գներով: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ Գեղարքունիքում տարեցտարի ավելանում է արեւային ջրատաքացուցիչների տեղադրման պահանջարկը: Տեղադրվող սարքավորման գինը 440 հազար դրամ է, շուկայականից համեմատաբար էժան: Արեւային ջրատաքացուցչի տեղադրման պարագայում ամռան ամիսներին գազի կամ էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնք ամսական կազմում են 10-15 հազար դրամ՝ մոտ 6 շնչի հաշվով, գրեթե զրոյացվում են: Մենք մեր շահառուներին սարքավորումները տրամադրում ենք նաեւ ապառիկ, անտոկոս, իսկ մարման արժեքը ամսական կկազմի 7-8 հազար դրամ՝ թեեւ սարքերի տեղադրման եւ շահագործման դեպքում խնայողությունը տնտեսություններում կկազմի ավելի քան 10 հազար դրամ»,-հավաստեց Հայկ Շեկյանը:
Տնօրենի կարծիքով, այս ծրագիրը մեծապես կարող է Գեղարքունիքում խթանել ձմեռային տուրիզմի զարգացումը, քանի որ արեւոտ օրերի քանակությամբ Գեղարքունիքը համարվում է Հայաստանի առաջատար մարզը, որտեղ հնարավոր է արեւից էներգիա կորզել անգամ ձմռան խստաշունչ ամիսներին: «Տուրիզմի սպասարկման շատ օբյեկտներ Գեղարքունիքում աշխատում են ընդամենը երկու-երեք ամիս եւ փակվում են էներգետիկ բավարար ռեսուրսներ չունենալու պատճառով: Համոզված եմ, որ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության սարքերի տեղադրման պարագայում դրանք կաշխատեն ավելի երկար՝ ապահովելով տուրիստների ակտիվ հոսք»,-հավելեց Հայկ Շեկյանը:
Առաջիկայում «Շտիգենը» արեւային ջրատաքացուցիչներ եւ արեւային էլեկտրաէներգիա արտադրող սարքեր կտեղադրի նաեւ Գավառում, Գանձակում, Վարդենիկում եւ Մարտունիում: Կազմակերպության տնօրենը իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հանդիպում եւ զրույց է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Խոսվել է մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների եւ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am