Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտական հենակետերի կահավորում, անվտանգության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. ԶՈՒ արդիականացման ծրագրի դրույթները

Մարտական հենակետերի կահավորում, անվտանգության բարձրացում, կոռուպցիայի 
դեմ պայքար. ԶՈՒ արդիականացման ծրագրի դրույթները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի զինված ուժերում ծառայողական տեսակների ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դրույթները ներառված են «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրում», որը մարտի 20-ին հրապարակվել է ՀՀ ՊՆ կայքում:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մարտական պատրաստվածության հետևողական բարձրացման, ռազմական կրթության և գիտության արդյունավետ ներուժի ձևավորման, ժամանակակից տեխնիկայի ու սպառազինության տեսակների արհեստավարժ կիրառմանն ուղղված նպատակային քաղաքականություն:

Ծրագրի արդիականացման հատվածում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է ունակ լինեն ռազմաքաղաքական և ռազմական գործիքակազմով զսպելու լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները և պատրաստ լինեն իրավիճակի ցանկացած զարգացման` գործի դնելով իրենց տրամադրության տակ գտնվող ռազմաքաղաքական ռեսուրսը, արդիականացված զինանոցը և զորքերի կատարելագործման մարտական վարպետությունը:

Արդիականացման հիմքում ընկած «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնասյուներն են` առաջնորդությունը, ըստ որի, հայոց բանակը պետք է դառնա առաջնորդների դարբնոց, առաջադիմությունը, նորարարությունը, ներառականությունը և այլն: Արդիականացման ծրագրի նյութական մասի հիմքում ընկած են վաղվա պատերազմի տեխնոլոգիաներին, օր օրի առաջընթաց ապրող զինատեսակներին և ռազմական միջոցներին հակազդելու, դրանց հայրենական մշակման և արտադրության հնարավորություններն ընդլայնելու սկզբունքները:

Ըստ ծրագրի` զսպման համակարգը բաղկացած կլինի մարտավարական և օպերատիվ մակարդակներում` բարելավված մարտական հերթապահության, իսկ ռազմավարական մակարդակում` լայնածավալ ռազմական գործողությունների զսպման բաղադրիչներից: Համակարգը նպատակաուղղված կլինի Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ` ռազմական գործողությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը` Հայաստանի համար շահավետ պայմաններով: Հատկապես մեծ կարևորություն է տրվում Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորմանը:

Զսպման համակարգի ձևավորման առաջնահերթ մարտավարական խնդիրն է որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունն` ուղղված հակառակորդի հարձակման նախապատրաստման, դիվերսիոն գործողությունների կամ դրանց փորձի վաղ հայտնաբերմանը և հակազդմանը, պետական սահմանի խախտումների արդյունավետ կանխմանը, հակառակորդին անհրաժեշտության դեպքում անհամաչափ վնաս պատճառելուն, զորքերի` պլանային ձևով պահպանությունից պաշտպանության անցնելու ապահովմանը, առաջնագծում զինանձնակազմի կողմից դիտարկման կարողությունների ընդլայնմանն ու առավելագույնս անվտանգ մարտական հերթապահության կազմակերպմանը:

Այդ նպատակով նախատեսվում է կարճաժամկետ հեռանկարում այն համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինեժեներական միջոցներով և որպես վերջնանպատակ` ձևավորել միասնական համակարգ: Մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը նպատակ է հետապնդում նաև բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետերի լրացուցիչ ինժեներական կահավորում և անձնակազմի համապատասխան հանդերձավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am