Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը 
հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 19-ին ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին որոշումը։ 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար պատիվ է Կորեան ներկայացնել Հայաստանի պես հարուստ պատմություն ունեցող երկրում։ Ու Յուն Կինը վստահեցրեց, որ Կորեայի նախագահի հանձնարարությամբ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր ոլորտներում հայ-կորեական համագործակցության խորացման համար։

Նախարար Նալբանդյանը և դեսպանը Ու Յուն Կինը մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ 
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, որոնք իրենց նպաստն են բերում երկկողմ հարաբերությունների զարգացման գործին։

Նախարար Նալբանդյանը դեսպան Ու Յուն Կինին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Կորեայի Հանրապետության դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Ու Յուն Կինը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը և վերջին զարգացումները։

Էդվարդ Նալբանդյանը դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]