Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Կարին» համույթը երրորդ տեղն է գրավել Իտալիայում կայացած մրցույթ-փառատոնում

«Կարին» համույթը երրորդ տեղն է գրավել Իտալիայում կայացած մրցույթ-փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարին» ավանդական երգի-պարի համույթը մարտի 3-11-ը Իտալիայի Ագրիջենտո քաղաքում անցկացված «Mandorlo in Fiore» 73-րդ փառատոնի շրջանակում ներկայացրել է UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը և Քոչարի ռազմապարը: Sms քվեարկության արդյունքում համույթը գրավել է երրորդ հորիզոնականը: Առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանը ներկայացնող, իսկ երկրորդ տեղը` Արգենտինան ներկայացնող խմբերը: Իրենց մասնակցության, փառատոնի անկազմակերպվածության մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Փառատոնին մասնակցել է 18 երկիր: Կազմակերպիչները պահանջել էին 15-20 րոպե տևողությամբ գործեր ներկայացնել, որոնք UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում են ընդգրկված, այնինչ փառատոնի ընթացքում խնդրեցին կրճատել բեմադրությունը և այն դարձնել ութ րոպե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գեղարվեստական ղեկավարը:

Համույթը ներկայացել է 25 արտիստով: Առաջադրված պահանջների արդյունքում մի քանի ամսվա ծանր աշխատանքից հետո բեմադրվել է  մի գործ «Սասնա ծռեր»  էպոսի հիման վրա, որում եղել է և երգ, և բանավոր խոսք, և պար:

«Առաջին մրցանակին է արժանացել վրացական Աջարիայի պետական պարի խումբը, ինչն արդեն իսկ փառատոնի կանոնների խախտում էր, քանի որ  մրցույթ-փառատոնին կարող էին մասնակցել միայն ոչ պետական ֆոլկ խմբեր: Վրացիների ներկայացրած պաստառի վրա պատկերված էր վրացական բազմաձայն երգեցողություն  ներկայացնող խմբի նկար, այնինչ նրանք պարում էին, ոչ թե երգում:

Կազմակերպիչները փակման արարողությանը բոլոր մասնակիցներին կարելի է ասել ստիպեցին այդ օրվա համար նախատեսված ելույթները կրճատել և դարձնել երեք րոպե, իսկ վրացիները, որոնք պետք է ավելի շուտ հանդես գային, ներկայացան վերջում յոթ րոպե տևողությամբ համարով»,-պատմեց Գինոսյանը:

Համույթը բողոքել է  փառատոնի կազմակերպիչներին` նշելով, որ նման վերաբերմունքը անթույլատրելի է: Կազմակերպիչները չեն ընդդիմացել` ընդունելով իրենց սխալները:

Ժյուրի չի եղել, հաղթողները որոշվել են sms քվեարկության արդյունքում: Այդ մասին մասնակիցներին տեղեկացրել են փառատոնի ընթացքում միայն: Կազմակերպիչները վրացիների հաղթանակը արդարացրել են` ասելով, որ նրանք շատ լավ շոու են ցուցադրել, ինչը դուր է եկել մարդկանց: Այնինչ փառատոնի պաշտոնական կայքում նրանց համարի դիտումները շատ քիչ են եղել: Ամենաշատ դիտումներն ունեցել են Հայաստանի, Արգենտինայի և Իսպանիայի խմբերը:

Գեղարվեստական ղեկավարը խոստովանեց, որ համույթի համար կարևոր է փառատոների, մրցույթերի մասնակցելը և Հայաստանի հազարամյա մշակույթը, պատմությունը աշխարհին ներկայացնելը:

Գինոսյանի խոսքով`երաժշտասերներն իրենց սիրել են, ընդունել, ելույթների ժամանակ հուզվել` բրավոների արժանացնելով:

Համույթը, փառատոնին մեկնելուց առաջ համերգ է ունեցել Հայաստանում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի դահլիճն անշահախնդիր տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է  UNESCO-ի նշանաբանի ներքո: «Կարին» համույթը փառատոնի անկազմակերպվածության հետ կապված բողոքները ձևակերպել է թղթի վրա և պատրաստվում է այն ուղարկել և’ «Mandorlo in Fiore» 73-րդ փառատոնի կազմակերպիչներին, և’ UNESCO-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]