Բակո Սահակյանը կարևորել է ԱՄՆ հայկական կազմակերպությունների դերն Արցախի միջազգային ճանաչման հարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Բակո Սահակյանը նաեւ արժեւորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման եւ երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում:
Երկրի ղեկավարը պարգեւատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: