Պաշտոնական

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության Նախագահի մոտ մարտի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները և համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:

Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների և մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում