Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Հայաստանի մարզերում էներգախնայողության միջոցառումները 30-40 տոկոս խնայողություն են ապահովում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքներում էներգախնայողության միջոցառումները 30-40 տոկոս խնայողություն են ապահովում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում, օրինակ, լուսավորել դեռևս չլուսավորված փողոցները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆինանսական կառույցների համագործակցությամբ: Կոտայքի մարզի Քասախ համայնքն արդեն ծրագրի շահառու է, հաջորդը Նոր Երզնկան է, տասը համայնքի աուդիտն արդեն իրականացվել է, սպասում են իրենց հերթին: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը մանրամասներ հայտնեց համայնքների էներգախնայողության ծրագրի վերաբերյալ: «Մենք ունենք մի ֆինանսական գործիք, որով համայնքներին առաջարկում ենք կատարել էներգախնայողության միջոցառումներ` փոխել համայնքապատկան կառույցների դռներ-պատուհանները, տեղադրել ջրատաքացուցիչ կամ արևային վահանակներ, փոխել փողոցների լուսավորությունը, որով հնարավոր կլինի ապահովել 30-40 տոկոս խնայողություն։ Դրա հիման վրա գործընկեր բանկի հետ ֆինանսական վերլուծություն ենք կատարում և, եթե տեսնում ենք, օրինակ, բյուջեով ծախսում է այսքան գումար, միջոցառումներից հետո 40 տոկոս խնայողություն կապահովի, իսկ վարկը հնարավոր է մարել 30 տոկոս խնայողության դեպքում, բանկը հաստատում է վարկային գիծը»,-նշեց Արմեն Մելկիկյանը։ Նրա խոսքով` դրան հաջորդում է համայնքին միջոցների տրամադրումը, որից հետո հայտարարվում է մրցույթ` ծրագրի կապալառուին գտնելու համար, ինչն էլ արվում է հիմնադրամի անմիջական ներգրավվածության պայմաններում։ «Լուսավորության խնդիրը մեծ խնայողություններ է բերում, ինչի հաշվին կարողանում են նոր փողոցներ լուսավորել»,-ավելացրեց հիմնադրամի տնօրենը։

Ծրագրի շրջանակում վարկի տոկոսադրույքը 9 տոկոս է, ժամկետները տարբեր են` կախված համայնքներից, առավելագույնը` մինչև 7, 8 տարի է։

Արմեն Մելկիկյանի դիտարկմամբ` այս ծրագիրը հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված պետական հաստատությունների էներգախնայողության բարձրացմանն ուղղված ծրագրի շարունակությունն է, որը կատարել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: «Այդ ծրագրի շրջանակում տարբեր մարզերի 64 պետական հիմնարկների 180 օբյեկտում էներգախնայողություն միջոցառում ենք իրականացրել, այդ թվում` 11 քրեակատարողական հիմնարկում»,-տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը:

Ֆրանսիական զարգացման բանկի կողմից Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով իրականացվող մեկ այլ ծրագիր է բնակարանների շինարարության և վերանորոգման դեպքում էներգախնայողության միջոցառումների վարկավորումը:  

Ինչ վերաբերում է մասնավորի կողմից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ապա Արմեն Մելկիկյանը նկատեց, որ ոլորտն արագ զարգանում է, միջազգային ֆինանսական կառույցները մեծ հաճույքով աջակցության գործիքներ են տրամադրում Հայաստանի տնտեսավարողներին։ Գերմանական պետական բանկի (KFW) կողմից երկրորդ տրանշով 40 միլիոն եվրոյի չափով վարկային միջոցներ են տրամադրվել, որոնք Կենտրոնական բանկի միջոցով ուղղվում են հայաստանյան բանկերին էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների միջոցառումների ֆինանսավորման համար: «Այն ՓՄՁ-ների համար, որոնք էներգախնայողության որևէ միջոցառում  են իրականացնում, սարք-սարքավորում են գնում` դիմելով այդ վարկային միջոցներից օգտվելուն, մեր հիմնադրամն իրականացնում է աուդիտ: Բանկերը մեզ են դիմում, որ բիզնեսն այս կամ այն սարքավորումն է ցանկանում գնել, մենք գնահատում ենք, թե դա էներգախնայողության ինչ մակարդակ է ապահովում, որոշակի պարամետրեր հաշվի առնելով, դրական եզրակացություն ենք տրամադրում բանկերին, որոնք էլ միջոցները տրամադրում են համապատասխան տնտեսավարողներին: Բավականին ակտիվ  առաջ է գնում շուկան, մենք դա տեսնում ենք` ըստ էներգետիկ աուդիտների քանակի»,-նշեց Արմեն Մելկիկյանը` հավելելով, որ մասնավորի շրջանում հետաքրքրվածության աճը պայմանավորված է բիզնեսի համար շահավետության բարձրացմամբ:

Ամփոփելով հիմնադրամի տնօրենը նկատեց, որ շուկայում շուրջ 200 միլիոն եվրոյի չափով պայմանագրեր կան` ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ