Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին. Էդուարդ Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով.

«Համաժողովի հարգելի մասնակիցներ,

հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը եւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը:

18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետեւ Հովսեփ Էմինի եւ Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ:

Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռեւս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երեւանով վերականգնելու գաղափարն էր դրված:

Ռուսաստանի պետական շահի եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին:

Հարգելի գործընկերներ,

1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետեւ Հայկական մարզի ստեղծումը կարեւոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով եւ Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ:

Հայերը եւ ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի եւ Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից:

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե մշակութային ուղղություններով եւ բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ