Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Մեղրիում զարկ է տրվում պատմական զբոսաշրջության զարգացմանը

Մեղրիում զարկ է տրվում պատմական զբոսաշրջության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «փոքր թաղում» նախատեսվում է պատմամշակութային արգելոց կառուցել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Ինչպես ամբողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ Մեղրիում զբոսաշրջության խթանիչ ուժ են հանդիսանում մեր պատմամշակութային հուշարձանները։ Մենք այստեղ միջնադարյան և վաղ միջնադարյան ժառանգություն ունենք։ Շվանիձոր, Ալվանք, Մեղրի համայնքներում կան միջնադարյան եկեղեցիներ։ Ներկայումս Մեղրիի երկու եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Մեկն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորման և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության շնորհիվ, իսկ մյուսը՝ ֆրանսիական «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից։ Մեղրու փոքր թաղում Իզմիրլյան հիմնադրամը խոշոր ծրագիր է իրականացնում՝ արդեն մեկնարկի փուլում ենք։ Պատմամշակութային տուրիզմի զարգացման առումով շատ խոշոր ներդրումներ են իրականացվում։ Նախատեսվում է Մեղրիի «փոքր թաղում. պատմամշակութային արգելոց կառուցել և զարգացնել պատմական տուրիզմը»,- ընդգծեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Մեղրի այցելող զբոսաշրջիկները՝ մուտք գործելով այդ տարածք, հնարավորություն կունենան զգալ 100 տարի առաջվա Մեղրիի շունչը և ծանոթանալ բնակիչների նիստուկացին։

«Երկար տարիներ առաջ Մեղրին շատ զարգացած է եղել, և այստեղ է եղել Հայաստանի առաջին դաշնամուրը՝ Մելիք-Օհանջանյանների տանը»,- նշեց համայնքի ղեկավարը և հավելեց, որ զբոսաշրջության զարգացման ավելի մեծ ներուժը կապված է Իրանի Իսլամական Հանրապետության հարևանությամբ գտնվելու հետ։

Նրա խոսքով՝ քանի որ խոշոր տուրիստական հոսքը Իրանից Հայաստան իրականցվում է Մեղրիի տարածքով, պետք է զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի միայն տարանցիկ հատված չլինի։

«Վիզաների ազատականացման և մաքսային ընթացակարգերի պարզեցման շնորհիվ այսօր ավելի է մեծացել հոսքը և աճ ենք նկատում։ Մեր հարևան պետությունից մենք զբոսաշրջիկների մեծ ներհոսք ենք ակնկալում»,- շեշտեց Մխիթար Զաքարյանը։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք աշխատում են բոլոր մանրուքների վրա, օրինակ՝ քայլեր են ձեռնարկել, որ տարածքում գտնվող ռեստորանների մենյուներում, հայերենից բացի, պարսկերեն նույնպես գրված լինի։

Զաքարյանի կարծիքով՝ 1-2 տարի հետո այս հարթության վրա արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։  

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ