Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Ալբերտ Մկրտչյանը ինքն իր ֆիլմերն էր...


   ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեզնից ամեն մեկն ունի ֆիլմեր, որոնք հիշողության մեջ տասնամյակներ շարունակ պահպանվում են: Ինձ համար դրանցից են Ֆելինիի, Անտոնիոնիի, Սիդնեյ Պոլակի, Միլոշ Ֆորմանի մի շարք աշխատանքներ: Հայկական խաղարկային ազգային կինոյում այդ շարքին ես կդասեի Համո Բեկնազարյանի, Հենրիկ Մալյանի ֆիլմերը, իսկ հաջորդ սերնդից՝ Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն»: Առաջ անցնելով ասեմ, որ եթե Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոյում միայն այս երկու ֆիլմերը նկարահաներ, անշուշտ, կհամարվեր մեր կինոյի դասականներից մեկը: Սա ոչ թե գերագնահատություն է, այլ կայացած փաստ, հատկապես՝ «Տանգոյի» հարցում:

Նրա գրեթե բոլոր ֆիլմերը հայկական կինոյի նեոռեալիզմի ներկապնակի յուրօրինակ գործեր են: Եթե փոքր-ինչ փորփրենք, կտեսնենք, որ լրջմիտ արվեստագետն, ի վերջո, գալիս է իր մանկությունից, սեփական արմատներից: Ալբերտ Մկրտչյանի կինոհենքը նրա մանկության տառապանքներն են, որոնցում սեփական «ես» - ը խառնվելով հանուրի «մենք»-ին՝ դարձել և դառնում է սցենար ու ֆիլմ: Այս ամենը հավաստելու համար պետք է թվարկել նրա նկարահանած ֆիլմերը. երկու կարճամետրաժ՝ «Լուսանկարը» և «Հուշարձանը», հետո «Բովտուն», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը և այլն: Կոնկրետ ինձ համար Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի այս ֆիլմերը հայկական կինոյի չշեղված ճանապարհից են: Հատկապես դրանցից երկուսը՝ «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն», քայլում են հայ կինոյի այն ճանապարհով, որով անցել են Հենրիկ Մալյանի ֆիլմերը:

Նա իր առաջին իսկ «Լուսանկար» կարճամետրաժով ասաց, որ դա է իր քաղաքացիական դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը և անցյալը մոռացության չտալու գաղափարը իր շարունակությունն ունեցավ «Հուշարձան» կարճամետրաժում: Այդ ֆիլմերը հիրավի դարձան այն ատաղձը, որի վրա հետագայում խարսխվեց խոհափիլիսոփայական «Հին օրերի երգը» և «Տանգո» կինոնկարները…

Նրա համար կարևորը, սրտից (ոչ թե ուղեղից) բխածը էկրանին հանձնելն է: Եվ այդ սրտից բխածն է, որ դառնում է համամարդկային արժեք: Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի ուղին այնպիսին է, որ մրցանակներն են գտել ռեժիսորին, ոչ թե ռեժիսորը՝ մրցանակներին: Մի առիթով Հենրիկ Մալյանին խնդրեցի, որպեսզի «Ֆիլմ» թերթում խոսք ասի Ալբերտ Մկրտչյանի մասին, այդ խոսքը այնքան բնորոշ է նրան, որ ուզում եմ մեջ բերել ամբողջովին: «Այսօրվա հայկական կինոյում շատ ու շատ են բեմադրիչները, աշխարհը զարմացնելու մարմաջով տարված՝ շտապում են փախչել իրենցից և երբ արդեն բավականաչափ հեռանում են իրենց հույզերից, իրենց կուտակումներից, իրենց անհատականությունից, նոր միայն սկսում են ստեղծագործել: Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքը կայանում է հենց նրանում, որ նա իրենից դուրս ոչ մի ճանապարհ չունի, նրա բոլոր հեքիաթները պահպանված են իր մեջ, նրա բոլոր ուրախությունները, կասկածներն ու տառապանքները իր ներսում են, իր խորքում, իր մանկության ու պատանեկության մեջ… Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը և թարմ են, անսովոր ու եզակի, և ես` նրա ավագ ընկերն ու բարեկամը, հաստատ գիտեմ, որ այդ կուտակումները խորն են ու անսպառ, որ ամեն մի շերտի հետևում կա մի այլ շերտ, ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր: Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը, ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի… մեր կինոյի ոլորուն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքար հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ»:

Ալբերտ Մկրտչյանին տրված Հենրիկ Մալյանի այս գնահատականը, կարծում եմ, նրա ստացած մրցանակներից ամենաբարձրն է: Մալյանի այս խոսքերի ճշմարտացիությունն անցնում է նրա ստեղծագործական ամբողջ դժվարին ուղիով:

Ալբերտ Մկրտչյանը չէր կարող չնկարահանել տաղանդաշատ արձակագիր Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» վեպը: Նրանց երկուսի ծնողներն էլ 1915 թվականի մեծ եղեռնից հրաշքով փրկվածներ էին, ովքեր, դեգերելով, Տաճկահայաստանից հասել էին Ռուսահայաստան: Գալշոյանի վեպի հերոսները նույնպես եղերական կերպարներ են, ինչպես իրենց հայրերը, ովքեր արդեն Արևելյան Հայաստանում քարից հաց էին քամում՝ բառի իսկական իմաստով:

Ե՛վ Մուշեղ Գալշոյանը, և՛ Ալբերտ Մկրտչյանն իրենց ծնողներից ժառանգել էին աշխարհի ամենանվիրական բանը` «Էրգրի կորստյան վիշտն ու կարոտը»: Սա արդեն այն դեպքն է, երբ վիպողն ու ռեժիսորը հանդիպել են կամոքն Աստուծո, որպեսզի իրենց նախնիների կանչով խոսեն բնօրրանի մասին:

Մոտ 40 տարի առաջ նրա նկարահանած «Կյանքի լավագույն կեսը» ժամանակակից էր և՛ այն տարիներին, և՛ խիստ արդիական է այսօր: Եթե փորձենք ֆիլմի ասելիքը ներկայացնել մեկ նախադասությամբ, ապա ոչ ավելի, ոչ պակաս, կինոնկարն այսօրվա օլիգարխիկ հասարակության մասին է: Այո, այո, տասնամյակներ առաջ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած այս ֆիլմի հերոս Հայկը արդի օլիգարխների նախատիպն է, որի տենդենցն ու զարգացումը ձևավորվել են դեռևս 40 տարի առաջ: Սյուժեն արտաքուստ շատ սովորական է: Իրենց կյանքի լավագույն կեսն ապրած մանկական երկու ընկերները երկար տարիների բացակայությունից հետո հանդիպում են միմյանց: Հայկը դարձել է անաշխատ փողերով մեծահարուստ, այն ժամանակվա բառերով ասած` «ցեխավիկ», իսկ Արմենը` քիմիկոս, ինժեներ: Նրանք իրենց խորհրդանշական ծառն են ունեցել, որի հովանու ներքո մանկության հուշերն են ձևավորվել, իսկ հիմա մեկն իր ճարպկությամբ հարստության է հասել, մյուսը ծայրը ծայրին հասցնող տեխնոկրատ մտավորականության ներկայացուցիչ է: Եվ իրար են բախվում փիլիսոփայական երկու կատեգորիա: Մեկը սիրում է աշխարհից վերցնել, մյուսը` արարել ու ստեղծել:

Ի դեպ, կինոնկարի հերոսների մանկությունը խորհրդանիշների միջոցով ներկայացնում է կինոռեժիսորի որդին` Մհեր Մկրտչյանը, որն այսօր, շարունակելով հոր գործը, ստեղծում է հետաքրքիր կինոնկարներ:

 

Դրամատուրգ Ժորա Հարությունյանի սցենարով 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Խոշոր շահում» կատակերգությունը: Սյուժեն սովորական մի փաստ է: Մարդը վիճակախաղի տոմսով ավտոմեքենա է շահում և այդ շահումը դառնում է նրա հոգեկան   ապրումների արտացոլումը: Իր ժամանակին այս ֆիլմն ընդունվեց սովորական՝ համարվեց երիտասարդ ռեժիսորի հերթական գործ: Այսօր, երբ նկարահանումներից երեսունհինգ տարի անց առիթ ես ունենում մեկ անգամ ևս դիտելու, պարզ է դառնում, թե որտեղից է գալիս նրա կինոյի տեսակի տրագիկոմեդիան: Որն իր խորունկ մարմնավորումն է գտել գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանի կերպարում:

Թվում է՝ ամեն ինչ պարզ է, գտնված է երջանիկ դառնալու կամ համարվելու բանաձևը: Սակայն միջավայրի իրարանցման պատճառով ճիշտ հակառակ արդյունքն է ստացվում: Խախտվում է «երջանիկ համարվող» մարդու հոգեկան հավասարակշռությունը: Եվ այդ բոլորը արված է նուրբ հումորով ու գրոտեսկով:

«Հին օրերի երգի» թեման գալիս է նրա առաջին «Լուսանկար» կարճամետրաժից: Պատերազմական թեման միշտ էլ կինոռեժիսորի մտահորիզոնում է եղել: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են այդ դժնի տարիներին: Ի վերջո, փոստատար Նիկոլը (Մհեր Մկրտչյան) մտացածին կերպար չէ, այլ՝ իրականություն: Իսկ իրականությունը արվեստագետը որքան կարող է պիտի բարձրացնի, որպեսզի այն համամարդկային հնչողություն ունենա:

Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի մեծությունն այն է, որ իր առօրյա շրջապատում գործող հերոսները լիարժեք «միս ու արյուն» են ստանում ու դառնում ինչպես բանաստեղծը կասեր՝ ժամանակի շունչը: Նրա ստեղծագործական հաջողության գաղտնիքներից մեկը նաև էկրանային իր հերոսների հետ ազնիվ վարվեցողությունն է: Նա երբեք կեղծիքը, սուտը էկրան չի բարձրացրել: Առանց պրկված նյարդերի նա ոչ միայն ֆիլմ չունի, այլև էպիզոդիկ դերակատար: Արվեստում Ալբերտ Մկրտչյանը ճակատային է, բոլոր խոչընդոտները մինչև վերջ հաղթահարող:

«Հին օրերի երգը» ֆիլմն սկսվում է «Քաջ Նազար» պիեսի բեմադրությամբ: Ֆիլմի սկզբնամասը Օբերոնի (Աշոտ Ադամյան) պտույտն է կառքով, ուր նա քաղաքով մեկ անցնում է ու ժողովրդին, բոլորին հրավիրում ներկայացում դիտելու:

Սա առանձին մի կարճամետրաժ է, այնպիսի մի հզոր ստարտ, որ մտածում ես՝ կարո՞ղ է, արդյոք, ռեժիսորն այս ամենը մինչև վերջ պահել:

Ֆիլմում թեև հնչում են սրամտություններ և հումոր, այն լի է դրամատիզմով, ցավին լուռ դիմանալու մարդկային տոկունությամբ:

Հումորով ու դրամատիզմով լեցուն մի կտոր է, որը ներդաշնակելով Մհեր Մկրտչյան-Նիկոլ-Քաջ Նազարի դերակատարմամբ,  Տիգրան Մանսուրյանի սքանչելի երաժշտությամբ, Հենրիկ Ալավերդյանի Բասոյի  փոքրիկ մի կտորով, արդեն իսկ առանձին կինոնկարի արժեք է ներկայացնում: Անկյանք ու հոգեմաշ քաղաքին ծիծաղ են ուզում պարգևել: Սկզբնամասն իր ռիթմով, կուռ մոնտաժով արվեստի, գեղեցիկի մի իսկական պայթյուն է: Այդ 5-10 րոպեները, ներառյալ պատերազմի լուրն առնելու հանդիսատեսի հռհռոցները, այն կուլմինացիան են, որ կոչվում է նորին մեծություն արվեստ:

Ուշագրավ մի փաստ: Երբ Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմերը արտերկրում են դիտում, եղած ասելիքին կարծես մի նոր երանգ և ուժգնություն է հաղորդվում: Տարօրինակ ոչինչ չկա, օտար միջավայրում ազգայինի և համամարդկայինի բաղդատումը ավելի ցայտուն է աչքի զարնում և ակամա հպարտանում ես կինոռեժիսորի ստեղծածով:

Հիմա, երբ հետին թվով ծանրութեթև եմ անում նախկին համամիութենական կինոփառատոնների կշիռն ու արժեքը, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ գնահատման արժևորման չափանիշներով ոչնչով չէին զիջում աշխարհի ամենահեղինակավոր «Ա» դասի փառատոններին: Այստեղ ես ականատես եմ եղել ժյուրիի խստապահանջությանը, մանրակրկիտ ու անզիջում քննարկումներին, կինոյի ապագային միտված ուղղվածությանն ու նախանշումներին: Ալբերտ Մկրտչյանի հետ առիթ եմ ունեցել մասնակցելու Լենինգրադի (1983 թ., XVI) և Մինսկի (1985 թ., XVIII) համամիութենական փառատոններին: Երկու անգամն էլ հայկական կինոն արժանապատիվ է ներկայացել: Լենինգրադում ներկայացված էր «Հին օրերի երգը», իսկ Մինսկում՝ «Մեր մանկության տանգոն»:

«Հին օրերի երգը» ֆիլմի ցուցադրումից հետո խորհրդային ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Նիկոլայ Կրյուչկովը, ասաց. «Մեր երկրի գրեթե բոլոր անկյուններում Նիկոլներ ու Մուշեղներ են եղել, միայն թե տարբեր անուններով: Եվ պատերազմում մի փոքրիկ քաղաքի ողբերգությունը դարձել է համընդհանուր: Ապրել հոգևոր ու ֆիզիկական զրկանքների պայմաններում և չկորցնել մարդկայինը, սա է ինձ համար ամենակարևորը»: Իսկ գերմանացի Գյունտեր Ռաշը հավելեց, որ տասնամյակներ շարունակ խորհրդային կինոյում գերմանացիները միայն ֆաշիստների տեսքով են ներկայացել: Հայկական ֆիլմը մեզ էլ է հոգեհարազատ, մեր մայրերն էլ են «սև թղթեր» ստացել: Նա նաև ասաց, որ «Հին օրերի երգը» ոչ միայն ԳԴՀ-ում, այլև ամբողջ Գերմանիայում լայն արձագանք կառաջացնի: Հետագայում այդպես էլ եղավ:

Այն, ինչ տեղի ունեցավ Մինսկի կինոփառատոնում, կարծում եմ, հայկական կինոյի պատմության ընթացքում հազվադեպ երևույթ էր: «Մեր մանկության տանգոն» արժանացավ լավագույն ֆիլմի համար սահմանված գլխավոր մրցանակին, իսկ Գալյա Նովենցը՝ կնոջ լավագույն դերակատարման համար գլխավոր մրցանակին:

Հայկական կինոյի ամբողջ պատմության մեջ «Մեր մանկության տանգոն» միակ ֆիլմն է, որ Վենետիկի միջազգային հեղինակավոր փառատոնի մրցանակն ունի՝ Գալյա Նովենցի դերակատարումը արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին: Ինչպես մեր կինոյում, այնպես էլ դերասանական աշխարհում, ընդհանրապես, ոչ ոք նման բարձրագույն պարգևի չի արժանացել: Գալյա Նովենցին համեմատել են իտալացիների կուռք Աննա Մանյանիի հետ: Այդ առիթով ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը կինոփառատոնից հետո ինձ ասաց. «Տանգոն» Վենետիկում ցուցադրվեց հայկական օրինակով, իտալերեն ենթագրերով: Հետաքրքիրն այն է, որ ցուցադրման ընթացքում իտալական և տարբեր երկրների ֆիլմերի դիտմանը եկած հայ հանդիսականներն էկրանային ռիթմին, դիալոգին արձագանքում էին անմիջապես՝ ծիծաղ, ծափահարություն, իսկ իտալացիները փոքր-ինչ ուշացումով, այսինքն՝ ենթագրերը կարդալուց հետո: Ու ցուցադրման ընթացքում մի աշխույժ մթնոլորտ էր տիրում»:

Իտալական թերթերի վկայությամբ, փառատոնի մամուլի կոնֆերանսը վարող ռեժիսորն ասել է, թե դե Սանտիսն իրեն պատմել է, որ ուզում է մի կատակերգություն նկարել անշարժ առարկաների, իրերի մասին: «Ձեր ֆիլմում տեսնելով կոմոդի պատմությունը, ակամա հիշեցի դե Սանտիսի այդ մտահղացումը»: Իսկապես մարդու մոտ կա իրեն պատկանող առարկաների, իրերի պատմությունը, բնավորությունը և, հակառակը, առարկայի մեջ մարդկայինը, որը կարող է հարուցել և՛ ծիծաղ,  և՛ դրամատիզմ: «Տանգոյի» կոմոդը ոչ թե անշունչ առարկա է, այլ գործող «անձ», ֆիլմի գործող անձերին լրացուցիչ լիցք ու ոգի տվող «շնչավոր» առարկա: Իսկապես, որքան ծիծաղ, հուշ, դրամատիզմ է իր մեջ պարունակում այդ անշունչ առարկան:

Մհեր Մկրտչյանի և Գալյա Նովենցի ստեղծած կերպարները դուրս են գալիս ազգային շրջանակներից և դառնում համամարդկային արժեք: Այդ են վկայում իտալական, բազմաթիվ թերթերի արձագանքները, որոնցից ընդամենը մի փոքրիկ մասն ուզում եմ մեջ բերել:

«Ուրախ, համակրելի, երբեմն էլ ուղղակի անզուսպ է հայ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Այստեղ գերիշխողը Գալյա Նովենցն է՝ Աննա Մանյանիի խիստ արևելացված տեսակը»:

«Մկրտչյանը ցուցաբերում է մարդասերի աչք և կոմիկականի կատարյալ զգացողություն: «Տանգոյի» Հայաստանը մեզ՝ իտալացիներիս թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարը, որ ստեղծել է Գալյա Նովենցը, լուսավոր ու պայծառ հուշեր է արթնացնում Միտինա դե Ֆիլիպոյից մինչև Աննա Մանյանի»,-գրել է «Լա Ռեսպուբլիկան»:

Իսկ մեկ այլ՝ «Ունիտա» թերթը նշում է. «Մեր մանկության տանգոն» արժեքավոր, մտերմիկ հուշանվեր է Հայաստանից»:

«Կատակերգությունը ներկայացնելով Հայաստանը, նույն ժողովրդի կրքերով ու գույներով տոգորված գործող անձանցով, մեզ համար նույն անկեղծ արձագանքն ունի, ինչ - որ Նեապոլը»,- գրել է «Իլ Ժուռնալե դի Վենեցիան»:

Մի անգամ Ալբերտին հարցրի, թե ինչպես ընտրեց Գալյային: Ասաց՝

-Եթե անկեղծ լինեմ, սկզբում մտածում էի Սոֆիկո Ճիաուրելու մասին, որովհետև Գալյան շատ իներտ էր, ամբողջ օրը խմբում նստած էր, շարժում չկար: Ի վերջո, Գալյայի նախատիպը մայրս էր, ով տեղում հանգիստ նստել չուներ, ամեն ինչում լիդեր էր: Առանց իրեն ոչ միայն մեր տանը, այլև հարևան-բարեկամների մոտ հարց չէր լուծվում: Մի օր Գալյայի ներկայությամբ դիտմամբ ասացի, որ «Տանգոյում» խաղալու համար Սոֆիկոյին եմ հրավիրել: Աներևակայելի մի պայթյուն առաջացավ: Գալյան 180 աստիճանով փոխվեց,  մի տեսակ «լրբացավ», ինչ ասես ինձ ասաց… Շվարած նայում էի նրան ու այդ պահից հասկացա, որ միայն ու միայն նա է գլխավոր դերակատարը:

            Ամեն մի արվեստագետ, այդ թվում կինոռեժիսորը ունենում է իր աստեղային ժամը կամ իր ստեղծագործությունների կուլմինացիան: Այդ առումով Ալբերտ Մկրտչյանի համար «Մեր մանկության տանգոն» ասելիքի և ռեժիսուրայի այնպիսի մի պոռթկում էր, ինչպիսին, ասենք, Ֆելինիի համար «Ութ ու կեսը»: Նա ինքն իրեն է էկրան բերում, իր մեջ կուտակածը, իր ապրածը, ի տեսածը: Ալբերտ Մկրտչյանը չի մտածում, թե եթե այսպես նկարի, նեոռեալիզմ է, եթե այսպես՝ մեկ այլ «իզմ» է: Երբ ներսում կուտակածդ թղթին կամ էկրանին ես հանձնում ճշմարտացի և առանց կեղծ պաթոսի, երբ դաշնակցում են տաղանդն ու երևակայությունը, այնժամ ծնվում է նորին մեծություն արվեստը: Նա հենց այդպիսի արվեստագետ է, գուցեև փոքր-ինչ ճակատային՝ իր ընտրած ճանապարհը մինչև վերջ գնացող: Այո, եթե Ալբերտ Մկրտչյանը իր կյանքում նկարահանած լիներ միայն «Հին օրերի երգը» և «Մեր մանկության տանգոն», ապա միևնույն  է, կհամարվեր հայկական կինոյի դասական: Ես չգիտեմ որևէ ռեժիսորի կամ արվեստի մարդու, որի բոլոր գործերը համահավասար բարձրության վրա լինեն: Մինսկի և Վենետիկի միջազգային կինոփառատոններից վերադառնալուց հետո երեք-չորս տարի նա ոչինչ չնկարահանեց: Անընդհատ ստեղծագործական խմորումների մեջ էր:

Եվ դա հասկանալի էր, «Տանգոյի» իր բարձրացրած նշաձողը այնքան բարձր էր, որ «ծանրաձողին» մոտենալ անգամ չէր ուզում:

«Շնչառություն» ֆիլմը դիտելուց հետո երբևէ մտքովդ չի անցնի, որ գլխավոր հերոսի՝ Արմեն Կարպիչի կերպարը Խորեն Աբրահամյանից բացի մեկ ուրիշը կարող էր խաղալ: Սակայն ես այն համոզմունքն ունեմ, որ սցենարի առաջին տարբերակով և Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ կստանայինք նոր՝ մնայուն մի գործ: Ինչո՞ւ: Որովհետև տաղանդից զատ, կա մի էներգիա, որը միայն ու միայն ընտանեկան միջավայրից է գալիս:

            Սպիտակյան սարսափելի երկրաշարժից հետո, որն ավերել է Հայաստանի հյուսիսային շրջանը, այդ թվում նաև կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ծննդավայրը՝ Լենինականը (Գյումրին), նա հաճախ էր բարձրաձայնում, որ պետք է այդ մասին ֆիլմ նկարահանի: Սակայն ոչ թե լացուկոծի դրամատուրգիայով, այլ ծիծաղի: Արցունքներ ծիծաղի միջով, այս է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի բոլոր ստեղծագործությունների կրեդոն: Այդ առումով բացառություն չէ 2000 թվականին նկարահանած «Ուրախ ավտոբուս» ֆիլմը: Ինչպես ասացինք, նրա նկարահանած կինոնկարների ասելիքը երկու հիմնական շերտ ունի՝ տրագիկական ու կոմիկական, դրանք հաճախ առանձնանում են, երբեմն էլ միահյուսվում: Ահա այդ շերտերից մեկը «Ուրախ ավտոբուսն» է, որը գալիս է «Խոշոր շահումից»: Եվ կարևորն այն  է, որ ոչ մի կրկնություն: Սկսած ասելիքից, վերջացրած պատկերային շարքով: Նրա ռեժիսորական ներկապնակի գույներն այնքան են բազմազան ու բազմաշերտ, որ Ալբերտ Մկրտչյան բեմադրիչը անգամ ինքն իրեն կրկնելու կարիք չունի:

Ալբերտ Մկրտչյանի այդ պատմությունները նրա գրեթե բոլոր ֆիլմերն են: Նրա հախուռն հայացքը մարդկային կատակերգությունների ու ողբերգությունների վրա խորունկ անդրադարձ է գտել իր ֆիլմերում, անգամ եթե որևէ կինոնկարում փոքր-ինչ իջեցված է նշաձողը: Նա էկրանից պատմում է հայ մարդու լեգենդը, տառապանքը, սերը, դժբախտությունը, ուրախությունը: Եվ այդ ամենը շիտակ ու անկեղծ է: Նրա բոլոր կինոնկարները՝ «Լուսանկարն» ու «Հուշարձանը» (1969-71 թթ.), «Բովտունը» (1977 թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Խոշոր շահումը» (1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Շնչառությունը» (1988 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008 թ.), կինոռեժիսորի սրտի և ոգու արտահայտությունն են: Նրա բոլոր ֆիլմերը նախնիների և ժամանակակիցների տառապած աշխարհից են… Այդ նրանից է, ինչպես ինքն է սիրում ասել, այս «անտեր ու դուս» կյանքից, ոչ թե ինքն է տաղանդին հետապնդել, այլ տաղանդն իրեն:

ԱԼԲԵՐՏ  ՄԿՐՏՉՅԱՆԸ ԻՆՔՆ ԻՐ ՖԻԼՄԵՐՆ ԷՐ…..

 

Ռոբերտ Մաթոսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ