Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Պատմության խոսուն վկաները. Դվինի ապակե գավաթը


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելլենիստական և անտիկ Հայաստանի ապակեգործության տեխնիկական նվաճումները, մեծ փորձն ու ավանդույթները որակական նոր դրսևորումներով կյանքի կոչվեցին Միջնադարյան Հայաստանում, որի խոշորագույն կենտրոնն էր Դվինը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց Դվինից հայտնաբերված ապակե գավաթե մասին: «Գտնվելով արևմուտքն արևելքին կապող առևտրական ճանապարհների հանգուցակետում, Դվինն առնչվում էր Բյուզանդիայի, Սիրիայի, Իրանի առևտրա-արհեստագործական և մշակութային խոշոր կենտրոնների հետ: Արդյունքում, Դվինը դառնում է Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Այսրկովկասի ապակեգործական հայտնի քաղաքներից մեկը»,-նշեց նա:
Կարապետյանի խոսքով` Դվինի ապակե անոթների հազվագյուտ հավաքածուն ներկայացված է բազմազան նմուշներով՝ թասեր, բաժակներ, գավաթներ, սկահակներ, սափորներ, սրվակներ, տափաշշեր և այլն: «Դվինի գտածոներում իր ուրույն տեղն ունի թափանցիկ ապակուց, բարձր ոտքով մի հիանալի գավաթ: Այն զարդարված է վերադիր, նուրբ ապակեթելերով և դեղին ու կարմրադարչնագույն կոճականման ելուստներով: Զարդարման այս եղանակը զարգացում է ապրում, հատկապես, XII-XIIIդդ., որով էլ թվագրվում է գավաթը»,-պատմեց նա, հավելելով, որ գավաթի համեստ հարդարումը փաստում է ապակու բարձր որակի մասին:  
«Հնում թափանցիկ, բարձր որակի ապակի ստանալը բավականին բարդ էր, իսկ նման ապակուց պատրաստված առարկաները բարձր էին գնահատվում: Այդ իսկ պատճառով վարպետները խուսափում էին ճոխ հարդարանքից՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ապակու որակական հատկանիշների վրա»,-նշեց Կարապետյանը:
Ապակու արտադրությունը սկզբնավորվել է դեռևս մ.թ.ա. IV հազամյակում: Ապակու ամենահին նմուշները հայտնաբերվել են Միջագետքում և Եգիպտոսում: Հայկական լեռնաշխարհում ապակու հնագույն նմուշները գտնվել են բրոնզեդարյան և վաղերկաթեդարյան բնակատեղիներից (մ.թ.ա. III-I հազ.): Ապակու արտադրությունը շարունակվում է նաև ուրարտական շրջանում, որի վկայությունն են հայտնաբերված անթափանց ապակուց անոթներն ու թափանցիկ և գույնզգույն ուլունքները: Ապակեգործությունը Հայասատանում մեծ առաջընթաց է ապրում հելլենիստական շրջանում: Մ.թ.ա. I դարի վերջում երևան է գալիս փչելու տեխնիկան, որը հեղաշրջիչ նշանակություն է ունենում և մեծապես նպաստում է ապակու մասսայական արտադրությանը: 
Դվինը ժառանգելով անտիկ ապակեգործության ավանդույթները, փորձն ու գիտելիքները և օգտագործելով ապակու միջնադարյան նոր արտադրաեղանակները ի զորու եղավ կազմակերպելու ապակու տեղական արտադրություն: Ապակե գտածոները այնքան բազմատեսակ են, որ թույլ են տալիս ենթադրել, թե Դվինում գործել է ապակեգործական ինքնուրույն դպրոց, որը նպաստել է ապակեգործության զարգացմանը, տեխնիկական նորանոր հնարների մշակմանը և ներդրմանն արտադրության մեջ: 
Հայաստանի պատմության թանգարանի ապակե գտածոների ընտրանին կարելի է համարել լավագույններից մեկը տարածաշրջանում: Դրանք պատրաստված են ժամանակի պահանջներին և գեղագիտական ըմբռնումներին համահունչ:



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ