Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպաստում է ժամանակակից ստեղծագործողների երկերի հանրահռչակմանը


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի լավագույն կոլեկտիվներն ու կատարողները կհնչեցնեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ամենամյա երաժշտական նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Այդ կապակցությամբ կթվայնացվեն նրա լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Իններորդ փառատոնը կանցկացվի մարտի 5-9 Երևանում:

Կայանալիք իրադարձության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Ի սկզբանե ի՞նչ նպատակ է հետապնդում փառատոնը և ի՞նչ հեռանկարներ է բացել ժամանակակից կոմպոզիտորների առաջ:

-Ինը տարի առաջ մեկնարկած փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն էր: Մեզ համար կարևոր արժեք է նաև այն, որ կոմպոզիտորներից շատերը հատուկ ստեղծագործություններ են գրում փառատոնին մասնակցելու համար:

Կարծում եմ` մեզ հաջողվում է իրականացնել մեր առաջ դրված խնդիրը. այդ հարցում  մեզ աջակցում է ՀՀ նախագահը: Դա խոսում է այն մասին, որ պետությունը բարձր է գնահատում արվեստը, մասնավորապես, դասական երաժշտությունը և ստեղծագործ մարդկանց աշխատանքը:

-Այս տարի փառատոնը նվիրվում է հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկին` Գրիգոր Եղիազարյանին...

-Ամեն տարի փառատոնը մի կոմպոզիտորի նվիրելով` ցանկանում ենք ցույց տալ, որ մեր ամենահեղինակավոր երաժիշտները մոռացված չեն: Փառատոնի համերգներից մեկի ընթացքում կատարում ենք տվյալ կոմպոզիտորի և նրա աշակերտների ստեղծագործությունները՝ նրա դպրոցը լավագույնս ներկայացնելու համար: Դա է մեր նպատակներից մեկը: Կարևոր է, նաև այն, որ մենք ունենք  ստեղծագործական պաշար, ակտիվություն, ցանկություն և բազմաթիվ սատարողներ:

Ըստ իս՝ ժամանակակից երաժշտությունը միշտ պահանջված է, և ես ամեն փառատոնի հետ զգում եմ, որ կա ավելի մեծ արձագանք, ակտիվություն երիտասարդության շրջանում: Հաշվի առնելով ինը տարի անցկացվող այս նեղ մասնագիտական փառատոնի պատմությունը` վստահ կարող եմ ասել, որ մեր կոմպոզիտորական դպրոցը վերելք է ապրում: Երբ նոր էինք սկսում փառատոնը, ունեինք հինգ տարվա ռազմավարական ծրագիր, որի համաձայն՝ պետք էր ֆինանսներ հայթայթել, հայտնի նվագախմբերի, մենակատարների միջոցով կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործերը և ոգևորել վերջիններիս:

-Եղե՞լ են կոմպոզիտորներ, ովքեր բացահայտվել են հենց այս նախագծի շրջանակում, և գուցե նրանց գործերն ավելի հաճա՞խ են սկսել կատարվել:

-Արվեստագետները բավականին բարդ մարդիկ են: Նրանք համոզված են, որ աշխարհը, անկախ ամեն ինչից,  պետք է իրենց ճանաչի: Եթե մարդը ստեղծագործում է Հայաստանում, և աշխարհն իրեն չի ճանաչում, ըստ նրանց, դա աշխարհի խնդիրն է:

Նվագախումբը հետաքրքիր ստեղծագործողների է բացահայտել: Կան կոմպոզիտորներ, որոնց գործերը հետագայում ներկայացրել ենք արտերկրում, և երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դրանք: Օրինակ` մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես ենք գալու համերգային ծրագրով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Նարեկ Հախնազարյանը կկատարեն ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը: Այն համաշխարհային պրեմիերա է լինելու։

-Հայ ժամանակակից կոմպոզիտորները մրցունա՞կ են արտերկրում:

-Արվեստում նույնպես կա մրցակցություն: Օրեր առաջ ավարտվեց Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը: Նա մերօրյա ամենահայտնի և մեծ կոմպոզիտորներից է: Չենք համեմատում նրա հաջողությունն այլ ստեղծագործողի ձեռքբերումների հետ, բայց… եթե Հայաստանում ապրող ստեղծագործողն ունի տաղանդ, գիտելիքներ, ցանկություն և պատրաստ է դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնք ծառանում են  արվեստագետի առջև, նա կարող է հաղթել: Ես հավատում եմ, որ կան հայ կոմպոզիտորներ, որոնք կարող են ներկայանալ աշխարհին և չզիջել օտարներին:

-Փառատոնի ընթացքում երաժշտական ժառանգության պահպանման գործում կարևոր գործառույթ եք իրականացնում`թվայնացնելով մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարի ի՞նչ գործեր են թվայնացվելու:

-Գրիգոր Եղիազարյանի լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Մենք ունենք հայտնի կոմպոզիտորների շատ փայլուն գործեր, որոնք դեռ թվայնացված չեն: 21-րդ  դարում այդ գործառույթը չիրականացնելու դեպքում լուրջ վտանգվում է մեր երաժշտական ժառանգությունը:

Փառատոնի շրջանակում փորձում ենք որոշ չափով անել դա, բայց միայնակ չենք կարող: Կարծում եմ` կոմպոզիտորական արվեստով հետաքրքրվող այլ կառույցներն էլ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Թվայնացումը մեծ ռեսուրսներ է պահանջում. պետք է այլ կազմակերպություններն էլ լծվեն այդ գործին, որ նշանակալի արդյունք ստանանք:

Մեր լավագույն կոմպոզիտորներից մեկի` Ջիվան Տեր-Թադևոսյանի (ում մասին Դմիտրի Շոստակովիչը շատ լավ է արտահայտվել) սիմֆոնիաները վտանգված են, քանի որ թվայնացված չեն: Եվ եթե մեկն այսօր թեկուզ մեր կատարմամբ լսի նրա գործերից մեկն ու ցանկություն հայտնի այն կատարել, չկա այդ հնարավորությունը: Չկան նոտաներ թվայնացված տարբերակով: Մենք պետք է բարձրաձայնենք այդ խնդրի մասին, որի լուծման համար իրական նվիրյալներ են պետք:

-Երաժշտասերն ի՞նչ է ունկնդրելու փառատոնին կայանալիք հինգ համերգային ծրագրերի ընթացքում:

-Ավելի քան 18 հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ կհնչի: Այս տարի ներկայանալու ենք կամերային  ձևաչափով:

Անցած տարիներին փառատոնի շրջանակում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել է ավելի քան 50 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություն, ձայնագրվել 200 ստեղծագործություն, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր:

Անժելա Համբարձումյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ