Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ

Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. 
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում ընդունեց, որը նոր էջ բացեց Արցախի պատմության մեջ և ազատագրական շարժման կարևոր փուլ դարձավ։ Այս մասին նշում են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական և խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության և մշակութային ինքնության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ․ փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ և Պերեստրոյկա» , ինչպես նաև «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։

Շրջանակը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ և օրինական ցույցերին արձագանգեց  Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ:  

Շրջանակը նշում է, որ հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։ 

Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության և կառուցել ժողովրդավարական պետականություն:Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից Արցախի լիիրավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը և անշրջելիությունը: Շրջանակը համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am