1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ունենք մեր հայրենակիցներին ՀՀ տնտեսական ծրագրերում ներգրավելու լավ հնարավորություն. վարչապետն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Ունենք մեր հայրենակիցներին ՀՀ տնտեսական ծրագրերում ներգրավելու լավ 
հնարավորություն. վարչապետն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 13-ին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական  ներուժի  հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի  և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը  խթանող  ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն:  Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա­հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի  առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]